41-ամյա ամերիկացի Թայրել Մարտին Մարհանկան ինքնասպանություն է գործել Թայվանի դատարանի դահլիճում տեղի ունեցած իր դատավարության վերջում, երբ նրա նկատմամբ 4 տարվա ազատազրկման վճիռ է կայացվել: Փոխանցում է The Independent-ը:
Դատարանի աշխատակիցները The Times-ին հայտնել են, որ ամբաստանյալը թաքցրել է իրարից առանձնացված մկրատի սուր շեղբերը, որոնցով էլ հարվածել է իր պարանոցին: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ դատավորը ընթերցել է նրա դատավճիռը՝ մեղադրյալին 4 տարվա ազատազրկման դատապարտելով՝ մաքսանենգությամբ կակաչի սերմեր երկիր բերելու և մարիխուանա աճեցնելու համար: Նա ձերբակալվել էր 2015թ-ի ապրիլին, այն բանից հետո, երբ ոստիկանները նրա վարձակալած բնակարանում թմրանյութի գաղտնի պահոցում կանեփի հարյուրավոր թփեր և ափիոնի 10 կակաչ են հայտնաբերվել: Սակայն ամբաստանյալը հայտնել է ոստիկաններին, որ այդ բույսերը աճեցնելը իր նախասիրությունն է եղել և որ մտադիր էր դրանք իր համար օգտագործել:
Ինչպես հաղորդվում է Մարհանկան ամուսնացած էր Թայվանցի կնոջ հետ և 2 երեխա ուներ: Նա ընտանիքի հետ երկար ժամանակ է ինչ բնակվում էր կղզում:
Ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են, որ մտադիր են խստացնել անվտանգության համակարգը՝ տեղադրելով ռենտգենյան ճառագայթման սարք, որի միջոցով կզննեն դատարանի դահլիճ մտնողներին:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը