Չորեքշաբթի օրը Չինաստանի Յիչանգ քաղաքի կենտրոնական դատարանը ազատազրկման վճիրռ է կայացրել նախկին քաղաքական գործիչ Չժոու Յոնգկանգի կնոջ և որդու նկատմամբ, ովքեր մեղադրվում են կաշառակերության մեջ: Բարձրաստիճան պաշտոնյայի և նրա ընտանիքի դեպքը վերջին տարիների ամենաակնառու օրինակն է, թե ինչպես ապօրինի հարստացած չինացի քաղաքական գործիչների ընտանիքները կորցնում են ամեն ինչ` իշխանությունը կորցնելուց հետո: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Չինաստանի Անվտանգության ծառայության նախկին պետ և իշխող Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Չժոուն, բարձրագույն պաշտոն զբաղեցնող նախկին պաշտոնյան է, ում նկատմամբ հետաքննությունը սկսվել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից 2012թ․-ին մեկնարկած հակակոռուպցիոն արշավի շրջանակներում:
Յիչանգ քաղաքի դատարանը Չժոուի որդուն դատապարտել է 18 տարվա ազատազրկման 222 միլիոն յուան (34 միլիոն դոլար) կաշառք վերցնելու և անօրինական բիզնեսով զբաղվելու համար: Դատարանը առգրավել է նրա ապօրինի միջոցները և նրանից գանձել է 350 միլիոն յուան (53 միլիոն դոլար) տուգանք: Նույն դատարանի վճռով նախկին պաշտոնյայի կինը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ կաշառք վերցնելու մեղադրանքով: Նա տուգանվել է 1 միլիոն յուանով (150.000 դոլար):
Ինչպես հայտնի է Չժոու Յոնգկանգը պաշտոնից հեռացել էր 2012թ-ին, սակայն հաջորդ տարի նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել, իսկ անցած տարի տեղի ունեցած դռնփակ դատավարության ժամանակ դատապարտվել է` կաշառք վերցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գաղտնիքները տարածելու մեղադրանքով:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը