Պաշտպանության նախարարության ենթասպան մեղադրվում է կաշառք ստանալու պատրվակով քաղաքացուց խաբեությամբ գումար հափշտակելու մեջ. (Ֆոտոշարք)

Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությանի նախագահությամբ, տեղի ունեցավ Պաշտպանության նախարարության N: զորամասի դեղատան պետ, ենթասպա Սուսաննա Եգանյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: 

.

Դատական նիստի բացումից հետո, դատարանը հայտարարեց է դատարանի կազմը և կողմերին բացատրեց դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու նրանց իրավունքը, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, միջնորդություններ հարուցելու և լուծելու կարգը, ինչպես նաև դատավարական մի շարք այլ ընթացակարգեր:

.
Դատատարանն անդրադարձավ պաշտպանության կողմից ներկայացված խափանման միջոցը մեկ այլ խափանման միջոցով փոխարինելու, իսկ դրա մերժման դեպքում գրավով փոխարինելու մասին միջնորդությանը: Միջնորդությունը դատարանի գրասենյակ էր մուտքագրվել 2012թ-ի սեպտեմբերի 12-ին, այնինչ պաշտպան Արա Զաքարյանի պնդմամբ միջնորդությունը դատարան է ներկայացվել 2012թ-ի սեպտեմբերի 11-ին: Դա էր վկայում նաև պաշտպանի կողմից դատարան ներկայացրած միջնորդության կրկնօրինակի վրա առկա դատարանի գրասենյակի պետի ստորագրությունը և ամսաթիվը, ինչը հավաստումն էր այն բանի, որ պաշտպանության կողմից պահպանվել են խափանման միջոցի փոխարինման մասին միջնորդության ներկայացման դատավարական ժամկետները:

.
Դատարանը մուտքագրման ամսաթվերի անճշտությունը համարեց դատարանի գրասենյակի կողմից թույլ տրված տեխնիկական սխալ և անդրադարձավ միջնորդության քննարկմանը: Ամբաստանյալ Ս.Եգանյանի պաշտպան Ա.Զաքարյանը դատարանին միջնորդեց ամբաստանյալի նկատմամբ 20.07.2012թ-ին որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել մեկ այլ խափանման միջոցով կամ փոխարինել կալանքի այլընտրանքային խափանման միջոց գրավով` 500000 դրամ դատարանի դեպոզիտ մուծելու միջոցով: Պաշտպանը պատճառաբանեց, որ ամբաստանյալը նախնական քննության ընթացքում խոստովանել է իր մեղքը, աջակցել է քրեական գործի քննությանը, չի առարկել արագացված դատաքննության իրականացմանը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ, որոնք վկայում են ամբաստանյալ Ս.Եգանյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության մասին:

.
Թեև գործով դատախազ Մ.Սարգսյանը առարկեց կողմի միջնորդությանը` հիմք ընդունելով արարքի հասարակական վտանգավորության աստիճանը և ամբաստանյալի կողմից դատավարության մասնակիցների վրա ճնշում գործադրելու հավանականությունը, այնուամենայնիվ, տուժողը դեմ չէր խափանման միջոցի փոփոխմանը:

.
Դատարանը հիմք ընդունելով աշխատանքային օրվա ավարտի հանգամանքը, միջնորդության քննությունը հետաձգեց մինչև հաջորդ դատական նիստ և գործի հերթական դատական քննությունը նշանակեց սույն թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին:

.
Նշենք, որ ամբաստանյալ Սուսաննա Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N: զորամասի դեղատան պետ, ենթասպա 17.07.2012թ. ժամը 14-ի սահմաններում կաշառք ստանալու պատրվակով քաղաքացի Արմենակ Ավդալյանից խաբեությամբ հափշտակել է 205.740 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար` վերջինիս որդուն ռազմական ինստիտուտ ընդունելուն աջակցելու և զինվորական ծառայության պիտանելիության մասին բժշկական հանձնաժողովի եզրակացությունն ապահովելու համար:

.

Սոնա Հարությունյան

Հանրային թղթակից

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել