«Ասացի` ուզում եմ գնամ էն տեղը տեսնեմ, որտեղ տղաս արյուն է թափել: Ասացին` խնդիր չկա, ուզում ենք խաչքար կանգնացնենք, պատրաստ լինի, կհրավիրենք Ձեզ»,- ապրիլին Մատաղիսում զոհված 20-ամյա Հայկ Մինասյանի մայրը` Գայանե Միանասյանն, է պատմում:
Հայկի ծնողները սպասում են նրա ընկերոջը, ով տղայի անձնական իրերը պետք է բերի, հանձնի ծնողներին: Օրեր առաջ Հայկի զոհվելու 40 օր լրացավ: Հրամանատարն ու ևս երկու զինծառայող են այցելել ընտանիքին, սակայն անձնական իրերը չեն բերել.
«Ցանկացել են բերել, բայց ընկերը չի տվել: Ասել է` ես անձամբ կտանեմ ծնողներին կհանձնեմ: Փոքր կրեա է գտած եղել Հայկս, ընկերն ասել է իր հուշերի հետ կտանեմ…Մեկ-երկու ամիս հետո զորացրվելու է, սպասում ենք»,- պատմում է տիկին Գայանեն:
Հայկը զոհվել է ապրիլի 26-ին: Հայրը` Սամվել Մինասյանը, պատմում է, որ այդ օրը հարաբերական անդորր է եղել, երեկոյան հրետակոծություն է սկսվել, վազել են դեպի ապաստարաններ, վերջին պահին մի փոքր բեկոր կպել է անմիջապես սրտին:
Դեպքի օրն առավոտյան ծնողները խոսել են տղայի հետ, ասել է, թե ամեն ինչ խաղաղ է, անհանգստանալու կարիք չկա, թաքցրել է, որ դիրքերում է.
«Ապրիլի 4 օրերի պատերազմին էլ է դիրքերում եղել, մեզ չէր ասել: Ապրիլի 5-ին փոքր աղջիկս զանգեց, ասեց` աչքդ լույս, զինադադար է, ու թե Հայկին տեսե՞լ ես հեռուստացույցով: Ես հեռուստացույց չեմ նայում: «Արմենիա» հեռուստաընկերությամբ էին ցույց տվել, դիրքերում լրագրողը հարցրել է, թե տղերք ջան, ի՞նչ տրամադրություն ունեք, Հայկս ռուսերենով պատասխանել է` все отлично: Հետո իր հետ խոսալիս հարցրեցի, թե որ դիրքերում ես եղել, ինչի՞ ինձ բան չես ասել, էհ…Ասաց, հետո որ իջնեմ կպատմեմ…»:
Հայկը Ուկրաինայում է ծնվել: Երկրաշարժից հետո ծնողները տեղափոխվել են այնտեղ, 1996 թվականին ծնվել է Հայկը: Նա չորս տարեկան է եղել, երբ ծնողները վերադարձել են հայրենիք: Ապրում են Վանաձորի բազմաբնակարան շենքերից մեկում:
Հայկը ծնողների կրտսեր երեխան է, իրենից մեծ երեք քույրերն են: Ծնողները պատմում են, որ աղջիկներին ամուսնացնելուց հետո ամբողջ իրենց ներուժը ուղղել են Հայկի կրթությանն ու բարեկեցությանը: Նա սովորել է Վանաձորի Եվրոպական համալսարանին կից ավագ դպրոցում, իսկ հետո նույն համալսարանի «Կառավարում» ֆակուլտետն է ընդունվել, վեց ամիս սովորելուց հետո զորակոչվել է բանակ:
Թեև նա հարազատների հոգատարության կենտրոնում է եղել, սակայն ինքն էլ ամեն գնով ձգտել է աշխատել, վաստակել ու օգնել ծնողներին. «Ուսմանը զուգահեռ մի քանի տեղ փորձում էր աշխատել, հետո գնաց կահույքի ֆաբրիկա, որտեղ համ հավաքում էին կահույքը, համ վաճառում»:
Գայանե Մինասյանը պատմում է, որ նույնիսկ մահից առաջ ծնողների մասին է խոսել. «Մինչև դեպքը շատ անվախ, քաջ է եղել: Ընկերները հարցրել են` ի՞նչ տրամադրություն ունես, ասել է` շատ լավ, մահից էլ չեմ վախում, մենակ ծնողներիս մասին եմ մտածում»:
Հայկի ու ավագ քույրերի միջև տարիքային տարբերությունը մեծ է: Ավագ քույրը` Հերմինեն 13 տարի մեծ է Հայկից. «Մեր պահած էրեխեն է Հայկը: Հավատս չի գալիս, որ էլ չկա…»: Հայրն ու մայրը մեծ տարիքում են Հայկին ունեցել: Հայկը Մինչ բանակ գնալն էլ մտածել է, որ արդեն իր հերթն է նրանց պահելու: Հայրը հիմնական աշխատանք չունի, բայց «ոսկե ձեռքեր» ունի, ամեն ինչից գլուխ է հանում, մասնավոր, ոչ երկարատև աշխատանքներ է անում: Բանակ զորակոչվելուց հետո մայրը մեկնել է Մոսկվա` կարի ֆաբրիկայում աշխատելու. «Շատ նեղվել էր, որ ես գնացել էի աշխատելու: Անցյալ տարի իր գնալուց հետո գնացի: Դրանից առաջ զանգեցի, որ իր կարծիքը հարցնեմ, նեղվեց, ասեցի, որ դու գաս, էլ չեմ գնա աշխատելու»:
Մայրը Հայկին վերջին անգամ 2015 փետրվարի 7-ին է տեսել` երդման արարողությանը: Իսկ հետո մեկնել է Մոսկվա, այս տարվա հունվարին վերադարձել է կարճ ժամանակով, ցանկացել է այցելել որդուն, չեն թույլատրել` բռնկված վարակի պատճառով:
Ծառայության ընթացքում մի անգամ հիվանդացել է, տեղափոխել են հոսպիտալ, իսկ հետո թույլ են տվել բուժումը շարունակել տանը` մայրական խնամքի ներքո: Մայրը պատմում է. «Հայրը, քույրերը, հորաքույրն էին նայել, խնամել, ճանապարհել: Կատակ էր անում. «Եկա մայրական խնամի, վերածվեց հայրական խնամքի, բայց դու չնեղվես, մամ ջան, ամեն ինչ լավ է»: Հետո արձակուրդ էր եկել տասն օրով, էլի լավ պահել, ուղարկել էին»:
Մայրը այս տարվա փետրվարից նորից Մոսկվայում է եղել: Պատմում է, որ աշխատել է հայերի կողմից հիմնադրված ընտանեկան բիզնեսում, արտակարգ բարի մարդիկ են եղել, մինչև վերջին պահն իր կողքին են եղել, դաժան լուրը լկսելուց հետո էլ նրանք են տոմսը գնել և ճանապարհել իրեն տուն.
«Ամբողջ ապրիլը ես տառապել եմ, մեր աշախատանքի տեղը մենակ ես զինվոր ունեի: Չեմ ասել` իմ էրեխեն ողջ է, բոլոր ծնողների հետ տառապել եմ… Ասել եմ թող իմ Հայկով էս ամեն ինչը վերջանա: Իմ Հայկը թող վերջին զոհը լինի, ես դրան համաձայն եմ, որովհետև պատկերացնում եմ բոլոր ծնողներն էլ ինձ նման պիտի մղկատան: Անբուժելի ծանր ցավ է սա, թշնամուս էլ չեմ ցանկանում, թշնամուս էլ…
Արտահայտվող չէր, բայց վերջին օրերին ասում էր, մամ ջան, ես էլ եմ կարոտել, ասում էր շատը անցել ա, մնաց 9 ամիս, կգամ: Չեկավ, մենք զինվոր տվեցինք հավերժ…»:
Հայկն ընկերուհի ուներ, ծնողներն ու քույրերը նրան չեն ճանաչել: Մի անգամ միայն լուսանկարը ցույց է տվել մորը: Մայրը խնդրել է, որ աղջկա հետ ծանոթացնի, Հայկը հրաժարվել է, ասել, թե զորացրվելուց հետո միայն…
Ծնողներն ու քույրերը արցունքն աչքերին պատմում էին Հայկի մասին, ցույց տալիս նրա լուսանկարները, ձեռագրերը: Եվ միայն ձայնագրիչն անջատելուց հետո մայրը ասաց, թե անհարմար է զգում դրա մասին խոսել, բայց վստահ է, որ Հայկը ողջ կմնար, եթե զրահաբաճկոն լիներ հագին: Նրա մարմնին նույնիսկ քերծվածքներ չեն եղել, միայն մի բեկոր ուղիղ սրտին է դիպել:
Հ.Գ.Հայկի մասին հիշողությունների մասին Իրավաբան.net-ին պատմել էր նաև նրա դասախոսներից Լիլիա Աբրահամյանը. «Գիշերը ժամը 11-ից մինչև ժամը 3-ը մեր բակի շունը ոռնաց: …Երբ ոռնում է, մենք շորեր ու անհրաժեշտ պարագաներ ենք հավաքում ու դռան մոտ ենք դնում: Որովհետև հանգիստ շուն է, ու եթե ոռնում է, ուրեմն երկրաշարժ է լինում… Դռան մոտ դրված տոպրակով հագուստը մեզ պետք չեկավ… Բայց երկրաշարժը եղավ…»: Լիլիա Աբրահամյանը պատմում է, որ Հայկի մահվան քառասուն օրը լրանալու գիշերը շունը նորից ոռնում էր:
Աստղիկ Կարապետյան
Ալեքսանդր Սարգսյան