Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառոււմ վարչական իրավախախտումների համար ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ գանձված տուգանքները զգալիորեն աճել են, ինչը վկայում է ինչպես խախտումների, այնպես էլ դրանց արձանագրման թվաքանակի աճի մասին:
Ազգային ժողով ներկայացրած նախագծում շեշտում են պատգամավորներ Վարդան Այվազյանը, Վահրամ Բաղդասարյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Գարեգին Նուշիկյանը:
Նրանք շեշտում են, որ նման պայմաններում, ճանապարհային ոստիկանության գործունեության հիմնական շարժառիթը դառնում է ոչ թե ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումը եւ կանխարգելիչ գործողությունների իրականացումը, այլ առավել շատ խախտումների արձանագրումը եւ համապատասխան պատժամիջոցների կիրառումը: Ուստի, ըստ նրան` ստեղծված իրավիճակում ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառոււմ վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից գոյացող պետական միջոցների կառավարումը նպատակահարմար է իրականացնել ընդհանուր բյուջետային քաղաքականության համատեքստում՝ դրանք պետական բյուջե մուտքագրելու եւ համապատասխան ծախսեր իրականացնելու միջոցով:
Ըստ այդմ` նշվում է, որ «Ճանապարհային ենթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական միջոցների ռացիոնալ կառավարման անհրաժեշտությամբ:
Այս նախագծի նստաշրջանի օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչեւ մեկ տարով:
ԱԺ-ի իրավաբանական վարչությունը առարկություններ չի ունեցել նախագծի հետ, իսկ տնտեսագիտական վարչությունն նշել է, որ առաջարկվող մոտեցումը համահունչ է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված միասնական դրամարկղի սկզբունքին, իսկ բովանդակային առումով ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքներն էլ, ըստ էության, պետական բյուջեի եկամուտների դասական աղբյուրներից են: Սակայն, մյուս կողմից` վարչությունն արձանագրում է, որ ՀՀ տարբեր օրենքներով ստեղծված արտաբյուջետային ֆոնդերի հետ կապված եւս առկա են նմանատիպ խնդիրներ, որոնք նպատակահարմար կլինի լուծել միասնական ձեւով` ապահովելով այս բնագավառում միասնական պետական քաղաքականության իրականացումը: Մասնավորապես, մեր կարծիքով, որպես պետական բյուջեի եկամտի աղբյուրներ անհրաժեշտ է ամրագրել նաեւ ներկայումս ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվող` տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաեւ ցանկալի համարանիշ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվող` կատարողական գործողությունների կատարման համար գանձվող վճարները (բնականաբար` համապատասխան ծախսերն էլ պետական բյուջեից կատարելու պայմանով) եւ օրենքներով սահմանված եկամտի բոլոր այն աղբյուրները, որոնք անմիջականորեն բխում են պետական կառավարման մարմինների պարտականությունների եւ գործառույթների իրականացումից եւ չեն նախատեսում լրացուցիչ ծառայությունների մատուցում:
Իրավաբան.net