Այսօրվանից օրինական ուժի մեջ մտավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի մայիսի 25–ին ընդունված ընտրական օրենսգիրքը։
Ներկայացնում ենք նոր օրենսգրքի անցումային կարևոր դրույթները.
«1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը (…):
3. Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող` համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:
Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Գյումրի և Վանաձոր համայնքներում անցկացվում են ավագանու ընտրություններ` սույն օրենսգրքով նախատեսված համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ չեն անցկացվում: Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի և Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի` Երևանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան` ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից:
Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը սույն օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու մասին` որպես փորձարարական ծրագիր: Փորձարարական ծրագրի իրականացմամբ պայմանավորված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է փոխելու տեղական ինքնակառավարման մարմնի քվեարկության օրը` նշանակելով նոր օր:
(…)
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը:
(…)
10. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
11. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր:
(…)
13. 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին համապատասխան` ստուգարքի հիման վրա տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականները համարվում են անվավեր 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:
14. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:
15. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:
16. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:
(…)։