Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դիմավորել է Արցախ ժամանած՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Այնուհետև, երկու կառավարությունների անդամների մի մասի մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ քննարկելու երկու հանրապետությունների գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական հարցերը:
Վարչապետ Ա. Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Արցախում այս կարևոր ժամանակահատվածում: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ վերջին շրջանում Արցախին ցուցաբերած աջակցության համար, մենք զգացել ենք ձեր պատրաստակամությունը մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը և պատվով լուծելու մեր առջև ծառացած խնդիրները: Երկու կառավարությունները միշտ սերտ կապի մեջ են եղել, և կարևոր է, որ այս դժվարին օրերին նույնպես մեր բոլոր խնդրանքներն ու առաջարկները ձեր կողմից արագ բավարարվել են՝ դրանով անմիջականորեն մասնակցելով Արցախի անվտանգության ապահովման գործին»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուրախություն է հայտնել հայկական երկրորդ հանրապետությունում գտնվելու առթիվ: Նա շեշտադրել է, որ պատերազմի արդյունքում ևս մեկ անգամ ապացուցվեց ազգի միասնականությունը և հայկական զինված ուժերի հզորությունը: Հ. Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության պատվիրակությունն Արցախում է ընթացիկ խնդիրները միասին քննարկելու և դրանց լուծումներ տալու նպատակով:
ՀՀ և ԱՀ գործադիր մարմինների անդամները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները և փոխգործակցության արդյունքները: Նրանք առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ:
Կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ Կառավարության լրատվության վարչությունից էլ հաղորդում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և ողջ հայ ժողովրդին Արցախի համար կարևոր ժամանակահատվածում ԼՂՀ այցելելու, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին արցախցիների կողքին լինելու, տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու համար: ԼՂՀ վարչապետը նշել է, որ չի եղել որևէ հարց, որը ՀՀ իշխանությունների կողմից մնացել է անարձագանք:
Վարչապետ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է գործնական հարթության մեջ քննարկելու ոչ միայն ընթացիկ, այլ նաև ապագային առնչվող հարցեր՝ ԼՂՀ կառավարությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնական են ու համախմբված: Վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կարողացել է հակառակորդին արժանի հակահարված հասցնել՝ ցույց տալով ագրեսորին, որ հայ ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ղեկավարներն ու անդամները կարևորել են երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ: Հաջորդիվ Հայաստանի և Արցախի կառավարության անդամները ներկայացրել են համագործակցության արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը:
Իրավաբան.net