Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանը, ապրիլի 2-ին լսելով մարտական գործողությունների վերսկսման մասին, միանգամից մեկնում է առաջնագիծ:
«Ասում էր՝ պետք է՝ գնա հասնի մեր զինվորներին: Զանգեց Ստեփանակերտում իր լավ ընկերոջը, որի հետ զոհվել է, ասաց՝ իմ անունով զենք վերցրու, գալիս եմ: Հենց նույն օրը գնաց»,- պատմում է ազատամարտիկի կինը՝ Նունե Խաչատրյանը:
Ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանը ակտիվ մասնակցել է նաև Արցախյան պատերազմին. «Ինքը շատ հայրենասեր էր, ստամոքսի ցավեր ուներ, միշտ ասում էր՝ ես անկողնում չեմ մահանալու, ես իմ հողում, դաշտում, խրամատում, իմ սահմանին պետք է մահանամ»,- ամուսնու խոսքերն է հիշում Նունե Խաչատրյանը:
1990-ականների կռիվների ժամանակ նա եղել է տարբեր ջոկատներում, հարազատներն ասում են, որ գնում էր մի ջոկատի հետ, վերադառնում, հետո մյուսի հետ էր առաջնագիծ ուղևորվում:
«Առաջին անգամ, որ գնաց, ես երկու երեխաներիս հետ մեկնեցի սահման: Այդ տարիներին թույլ չեն տվել կամավորական ջոկատներին գնալ առաջնագիծ, ընկերներով հավաքվել են և ընտանիքներով գնացել առաջնագիծ: Մենք իբր թե ընտանիքի նման ապրում էինք ու պաշտպանում մեր հողերը»,- նշեց կինը:
«Խաղաղության աղավնի էր»
«Նա իմ ամենալավ ընկերն էր, ամեն պահի, ամեն հարցում իմ կողքն էր: Իր ցանկացած ասածը դաս էր: Բոլորի հանդեպ բարի էր, չկար նման բան, որ որևէ մեկի համար վատը լիներ»,- պատմում է որդին՝ Լազր Խալաֆյանը, իսկ մայրը հավելում է. «Խաղաղության աղավնին էր, ազգի մեջ ասում էին՝ մեր խաղաղության աղավնին է Սարգիսը»:
Սարգիս Խալաֆյանը երազանք ուներ՝ որդիներին տեսնել երջանիկ, ամուսնացած, նա երկու որդի ունի ու երկու դուստր. «Ես մոտ եմ հորս երազանքի իրականացմանը, հիմա ավելի կձգտեմ, որ լինի այդ ամենը»,- ասաց Լազրը:
Երեք բան էր շատ սիրում ազատամարտիկը՝ ձկնորսությամբ զբաղվել, որսորդության գնալ և ֆուտբոլ դիտել. «Նա «Բորուսիայի» երկրպագուն էր, սիրում էր հետևել Հենրիխ Մխիթարյանի խաղերին: Մեկնելու հաջորդ օրն էլ ֆուտբոլ կար, ասում էի՝ բա՞ ոնց ես հետևելու, ասում էր, ոչինչ, կհետևեմ կամ էլ հետո կզանգեմ-կիմանամ՝ ոնց ավարտվեց: Մենք նստել-նայում էինք, թե ինչ ավարտ ունեցավ, որ զանգի, ասենք»,- հիշեց կինը:
Բացի այդ, պարոն Խալաֆյանը պատմական գրքեր էր շատ կարդում, հատկապես՝ Հայոց պատմություն. «Հայրս միշտ ասում էր՝ հաստատ պատմական Հայաստանի հողերը մի օր մերն են լինելու, ինքը այդ հայրենասիրությունը խորհուրդ էր տալիս բոլորին, հորդորում էր Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» կարդալ»,- նշեց որդին, իսկ կինը պատմեց. «Շատ շուտվանից մի դեպք եղավ, նա պետք է գնար Թուրքիա, ու ասում էր՝ չի գնա, քանի որ չի կարող տեսնել հայկական հողերը թուրքական դրոշի տակ»:
Զինվորներին հետ են ուղարկել, ազատամարտիկներով մնացել առաջնագծում
Առաջնագիծ գնալուց առաջ Սարգիս Խալաֆյանը տեսակցել է իր երկրորդ որդուն, ով զինված ուժերում է ծառայում:
Ապրիլի 4-ին կռիվները ակտիվորեն վերսկսվել են. «Ամսի 4-ին մեծ կռվերի մեջ են եղել, ազատագրել են գրավված հողերը, գիտեմ, որ անօդաչու սարքը ֆիքսել է նրանց տեղը ու արկն ընկել է հենց իր վրա: Ընկերները միայն մի բան են ասում՝ այս չորս օրը ավելի դաժան է եղել, քան նախկին 4 տարին (Արցախյան պատերազմը): Ասում էին՝ այս պատերազմը ինքնաձիգի պատերազմ չէ: Իրենք 48 զինվոր հետ են ուղարկել, 42 հոգով եղել են առաջնագծում»,- փոխանցեց տիկին Նունեն:
Սարգիս Խալաֆյանը հպարտանում էր մեր զինվորներով. «Վերջին անգամ, որ խոսանցինք ամսի 3-ին, ասաց՝ մենակ տենաս՝ ինչ դուխով են հիմիկվա երիտասարդները: Նաև ասաց, որ ադրբեջանցիները փոշմանել են, որ կռիվ են սկսել, հիմա մեր հերթն է առաջ գնալու»,- հիշեց որդին:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net