Ճանապարհային նշանի տեսանելիության հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մ:
Յուրաքանչյուր նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկության համար բաց ճանապարհի երթևեկելի մասի լայնությամբ: Ելնելով ճանապարհային պայմաններից` նշանի ազդեցությունը կարող է սահմանափակվել երթևեկության մեկ կամ մի քանի գոտիներով:
Նշանները տեղակայվում են երթևեկելի մասի (երթևեկելի գոտու) աջ կողմում կամ դրա վրա, կողնակից (առկայության դեպքում) դուրս, եթե սույն կանոններով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև հեծանվային կամ հետիոտնային արահետի աջ կողմում կամ դրանց վրա:
Կրկնող նշանները տեղակայվում են բաժանարար գոտում:
Բաժանարար գոտի չունեցող ճանապարհներին կրկնող նշանները տեղակայվում են`
ա) երթևեկելի մասից ձախ, երբ հանդիպակաց երթևեկությունն իրականացվում է մեկ կամ երկու գոտիով.
բ) երթևեկելի մասի վրա, երբ հանդիպակաց երթևեկությունն իրականացվում է երեք և ավելի գոտիներով:
Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է կրկնել նաև մյուս նշանները:
Մեկ նշանը մյուսի վրա տեղադրելու դեպքում տեղակայման բարձրությունը հաշվվում է ներքևի նշանից:
Նույն ճանապարհի վրա նշանների տեղակայման բարձրությունը հնարավորության սահմաններում պետք է միանման լինի:
Նշանները տեղակայվում են անմիջապես խաչմերուկից, հետադարձի տեղից, սպասարկման օբյեկտներից և այլնից առաջ, իսկ անհրաժեշտության դեպքում` բնակավայրերում դրանցից առաջ` ոչ ավելի, քան 25 մ և բնակավայրերից դուրս` 50 մ հեռավորության վրա, եթե սույն կանոններով այլ բան նախատեսված չէ:
Սահմանափակում և երթևեկության ռեժիմ մտցնող նշանները տեղակայվում են այն տեղամասերի սկզբում, որտեղ դա անհրաժեշտ է, իսկ երթևեկության ռեժիմը վերացնող նշանները` վերջում, եթե սույն կանոններով այլ բան նախատեսված չէ:
Նեղ պայմաններում (զառիթափի, ժայռի ցցվածքների, եզրապատերի մոտ և այլն) նշանների տեղակայումը թույլատրվում է կողնակներին: Երթևեկելի մասի եզրից մոտակա նշանի եզրը եղած հեռավորությունը պետք է կազմի առնվազն 1 մ, իսկ տեղակայման բարձրությունը` 2.0–3.0 մ:
Բաժանարար գոտիների, բարձրացված անվտանգության կղզյակների և ուղղորդ կղզյակների կամ կողնակների վրա, ճանապարհային ցանկապատերի բացակայության դեպքում, նշանները տեղադրվում են հարվածաանվտանգ հենարանի վրա: Նշանի հենարանի հիմքի վերին եզրը պետք է համահավասար լինի բաժանարար գոտու, բարձրացված անվտանգության կղզյակի և ուղղորդ կղզյակի, կողնակի կամ ավելացված բերմայի մակերևույթի հետ:
Ճանապարհային աշխատանքների կատարման վայրերում և երթևեկության կազմակերպման ժամանակավոր օպերատիվ փոփոխության դեպքում թույլատրվում է շարժական հենարանների վրա նշանները տեղակայել երթևեկելի մասի, կողնակների և բաժանարար գոտիների վրա:
Մեկ հենարանի վրա տեղադրված և նույն երթևեկելի մասի վրա իրենց ազդեցությունը տարածող` միմյանցից մոտ հեռավորության վրա գտնվող նշանների եզրերի միջև հեռավորությունը պետք է լինի 50-200 մմ:
Երթևեկության նույն ուղղության տարբեր երթևեկելի մասերի վրա իրենց ազդեցությունը տարածող` մեկ հենարանի վրա նշանները բաշխվում են համապատասխան երթևեկելի մասերի վրա կամ առավելագույնս մոտեցվում են դրանց` հաշվի առնելով տեխնիկական հնարավորությունները և սույն կանոնների պահանջները:
Նշանները, բացառությամբ խաչմերուկներում և սահմանված երթուղով երթևեկող տրանսպորտային միջոցների կանգառի կետերում տեղակայվածների, բնակավայրերից դուրս տեղակայվում են մեկը մյուսից 50 մ-ից ոչ պակաս, բնակավայրերում` 25 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
Իրավաբան.net