Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս պաշտոնը ստանձնել է 2012 թվականի հունիսի 16-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է բավականին խոշոր միջոցներ:
Այսպիսով, նա հայտարարագրել է.
1 բնակարան,
1 հողամաս,
4 բաժնետոմս՝ 19.97 միլիոն դրամ, 30.74 միլիոն դրամ, 14.19 միլիոն դրամ և 18.05 միլիոն դրամ արժողությամբ,
95 հազար ԱՄՆ դոլար,
282.96 միլիոն ՀՀ դրամ,
փոխառությամբ է հանձնել 5.51 միլիոն դրամ:
2012 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նույն տարվա վերջին, նախարարի դրամական միջոցները նվազել են՝ 278.9 միլիոն դրամ և 92 հազար դոլար: Իսկ այս տարվա եկամուտը կազմել է ընդամենը 1.94 միլիոն դրամ:
2013 թվականի ընթացքում Գագիկ Բեգլարյանը օտարել է իրեն պատկանող երկու բաժնետոմսեր՝ 19.97 միլիոն դրամ և 14.19 միլիոն դրամ արժողությամբ: Եվ ձեռք է բերել 27.05 միլիոն դրամ արժողությամբ մեկ այլ բաժնետոմս:
Այս տարվա ընթացքում էականորեն աճել են դրամական միջոցները՝ 535.4 միլիոն դրամ և 92 հազար դոլար: Եկամուտները նույնպես աճել են զգալիորեն և կազմել 273 միլիոն դրամ, որից աշխատավարձը կազմել է ընցամենը 2.96 միլիոն դրամ, իսկ առյուժի բաժինը՝ 269.88 միլիոնը ստացվել է գույքի օտարումից:
Սակայն նկատենք, որ այս նույն հայտարարագրում չկա որևէ նշում՝ որևէ գույքի օտարման վերաբերյալ: Եվ այս փաստն էլ կասկածի տեղիք է տալիս, որ օտարված թանկարժեք այս գույքը Գագիկ Բեգլարյանը չի հայտարարագրել՝ պաշտոնը ստանձնելու պահին:
2014 թվականին նախարարի դրամական միջոցները կազմել են 92 հազար դոլար և 540.45 միլիոն դրամ: Իսկ եկամուտը կազմել է 5,04 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:
2015 թվականին նախարարի դրամական միջոցները կազմել են 543.65 միլիոն դրամ և 92 հազար դոլար, եկամուտը՝ 7.2 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:
Տարօրինակ է, որ մի քանի թանկարժեք բաժնետոմսերի սեփականատեր Գագիկ Բեգլարյանը եկամուտներ չի ստացել դրանցից կամ պարզապես չի հայտարարագրել այդ եկամուտները: Ի դեպ, 2014 և 2015 թվականի հայտարարագրերում նաև նշումներ չկան դրանք օտարելու վերաբերյալ, հետևաբար դրանք շարունակել են պատկանել նախարարին:
Գագիկ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, 2012 թվականին փոխառությամբ է հանձնել 18,85 միլիոն դրամ: Այս տարվա սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 11.57 միլիոն դրամ և 3.631 միլիոն դոլար: Իսկ տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 35.57 միլիոն դրամ և 3.601 միլիոն դոլար: Իսկ եկամուտը ստացել է բացառապես շահաբաժնից՝ 8 միլիոն դրամ:
2013 թվականին Նունե Նիկոլյանի դրամական միջոցները որոշակիորեն նվազել են՝ 32.07 միլիոն դրամ և 3.586 միլիոն դոլար: Իսկ շահաբաժնից ստացված եկամուտը՝ 7 միլիոն դրամ:
2014 թվականին նախարարի տիկինը ձեռք է բերել 500 հազար դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն՝ կառուցված հողմասի վրա և հողամաս՝ 27.87 միլիոն դրամով: Նրա դրամական միջոցները կազմել են 30 միլիոն դրամ և 3.086 միլիոն դոլար: Իսկ շահաբաժնից ստացված եկամուտը՝ 20 միլիոն դրամ:
2015 թվականին Նունե Նիկոլյանը ձեռք է բերել ավտոտնակ՝ 9.6 միլիոն դրամով: Դրամական միջոցները կազմել են 39.2 միլիոն դրամ և 3.07 միլիոն դոլար: Իսկ եկամուտը կազմել է 47.45 միլիոն դրամ, որը ստացվել է 5 գույքի վարձակալության հանձնված վճարներից: Նկատենք, որ այս տարի նախարարի կնոջ եկամուտների աղբյուրների ցանկից դուրս է մնացել շահաբաժինը:
Ահա այսպիսի կարողություն ունեցող նախարարը Արցախի կառավարության հաշվին փոխանցել է ընդամենը 600 հազար դրամ, որը, ի դեպ, նախարարի 2015 թվականի միայն դրամով արտահայտված խնայողությունների 0.001 տոկոսն է կազմում: