Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մշակած պլանները, այն է՝ Արցախի պետական սահմանի տարբեր ուղղություններով ու մինչ այդ չկիրառված տարբեր զինատեսակներով արագ հարձակում գործելու միջոցով փորձել հասնել հաջողության, ձախողվեցին: Ադրբեջանի ղեկավարությունը լավագույնս կանխազգաց, որ շարունակվող ռազմական բախումները դառնալու են հեռուն գնացող գործընթացների սկիզբը և բերելու են Այսրկովկասյան տարածաշրջանում ուժերի նոր վերադասավորումների:
Բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարի համար այլևս պարզորոշ է, որ արցախյան կողմը, հակառակորդի ամենածայրահեղ արկածախնդրություններն ապագայում չեզոքացնելու և խաղաղ ազգանբնակչությանը նման վտանգներից զերծ պահելու նպատակով, ընթացող պատժիչ գործողությունները զուգորդելու էր թշնամու թիրախի տակ գտնվող բնակավայրերի շուրջ անվտանգության առավել խոշոր շերտերի ստեղծմամբ: Բացառված չէր անգամ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանի (Արցախի Հանրապետության կազմում ձևավորված 8 շրջաններից մեկի՝ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածը) ազատագրումը, և պատահական չէին այս օրերին հատկապես շահումյանցիների շրջանում տիրող ոգևորությունները: Իրադրությունների զարգացումը լարվածության առաջնագիծը տեղափոխելու էր շատ ավելի առաջ և հետագա հնարավոր պատերազմական բոլոր գործողություններն ընդհուպ մոտենալու էին Գանձակ-Եվլախ 69 կմ երկարությամբ հատվածին: Ավելորդ չենք համարում նշելու, որ Թալիշ գյուղին մերձակա դիրքերից մինչ նշյալ հատված ընկած հեռավորությունը ուղիղ գծով այսօր ընդամենը 25-26 կմ է:
Հիշեցնենք, որ Գանձակ – Եվլախ այդ հատվածը, որին ընդհուպ մոտենալու էր շփման գիծը, համարվում է Այսրկովկասի զարկերակը. այստեղով են անցնում Ադրբեջանը Վրաստանին կապող և ՀՀ-ն շրջափակող բոլոր տարանցիկ ուղիները՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Սուփսա նավթամուղերը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին (կառուցվող), գլխավոր ավտոմոբիլային ճանապարհները և այլն: Պարզորոշ էր, որ Ադրբեջանի ապագա ցանկացած ռազմական գործողություն լրջագույնս վտանգելու էր այս ուղիների գործառույթները: Այսինքն՝ Ադրբեջանն իր գործողություններով հարվածելու էր սեփական շահերին: Սակայն սա դեռ ամենը չէ: Տարանցիկ այս ուղիները Ադրբեջանից զատ կարևոր կենսական անհրաժեշտություն են նաև այլ երկրների համար և հանդիսանում են Ասիան Եվրոպային կապող, տնտեսականից զատ նաև աշխարհաքաղաքական խոշոր նշանակություն ունեցող ծրագրեր: Այս պայմաններում, տարանցիկ նախագծերի հետևում կանգնած մի շարք գերտերությունների ու խոշոր ընկերությունների շարքում, որպես նշյալ ուղիների անմիջական նախաձեռնող կողմ, դժվարին կացություն էր ստեղծվում նաև Թուրքիայի համար: Իսկ հարևան Վրաստանը պարզապես կկորցներ տարանցիկ պետության իր նշանակությունը՝ դրանից բխող բոլոր տնտեսական ու երկրաքաղաքական հետևանքներով: Այս վտանգը շատ լավ գիտակցում էր նաև Վրաստանի ղեկավարությունը, և բնավ պատահական չեն այս օրերին այդ երկրի ինչպես բարձրագույն ղեկավարության, այնպես էլ հասարակ չինովնիկների, փորձագիտական ու գաղափարախոսական շրջանակների հնչեցրած տագնապալի մտահոգությունները: Գտնվելով խորը կախվածության մեջ և նաև այդ պատճառով չկարողանալով սաստման կոչեր հնչեցնել Ադրբեջանի հասցեին՝ Վրաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան գործիչներ ստիպված էին կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հորդորներ անել կողմերից երկուսին էլ: Վրացական կողմը բացեիբաց չի արտահայտվում իր բուն մտահոգությունների մասին, սակայն ղեկավարների ամենօրյա հայտարարությունների նման առատությունը, անգամ որպես միջնորդ հանդես գալու առաջարկը խոսում են վերջիններիս շրջանում տիրող տագնապալի տրամադրությունների մասին:
Իրադարձությունների զարգացման վերնշյալ սցենարն ամենևին բացառված չէ, և, բնականաբար, ամեն ինչ կախված է զինադադարին հաջորդող բանակցություններից: Այդուհանդերձ՝ փաստենք, որ Ի. Ալիևի սանձազերծած ռազմական գործողություններն ստացան բումերանգային երանգ, իսկ նման գործողությունների վերսկսման ամեն փորձ իր հետ բերելու է հեռուն գնացող ազդեցություններ, որոնք իրենց դաջվածքն են թողնելու ինչպես սեփական երկրի ու դաշնակից համարվող Վրաստանի, այնպես էլ Ի. Ալիևի վարքագծի ձևավորման մեջ դերակատարում ունեցած Թուրքիայի և տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական շահերը հետապնդող բազմաթիվ գերտերությունների ծրագրերի վրա:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
պ.գ.թ., փորձագետ
05 ապրիլի, 2016 թ.