ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն առ այսօր վստահ է՝ մեր արդարադատության ամենալուրջ թերությունն այն է, որ հանրությունը բուն արդարադատության իրականացմանը չի մասնակցում. «Ոչ մի ձևով հանրությունը ներգրավված չէ արդարադատական գործառույթներին, այստեղից է գալիս նաև դատարանների նկատմամբ անվստահության առկայությունը, որովհետև երբ որ դու չես մասնակցում, չես տեսնում՝ ինչպես է արդարադատությունն իրականացվում, դրան չես հավատում»,- ասաց պարոն Ավետիսյանը:
Նա անդրադառնալով միջազգային փորձին` շեշտեց, որ այն երկրները, որտեղ հանրությունը բարձր վստահություն ունի արդարադատության նկատմամբ, օրինակ՝ Անգլիայում գործում է երդվյալ ատենակալների համակարգը. «Անգլիայում գործերի 80 տոկոսը լսում են մագիստր դատավորները, նրանք սովորական քաղաքացիներ են, ընդ որում՝ նրանք իրենց գործառույթներն իրականացնում են անվճար և հասարակական հիմունքներով: Վերցնենք Ամերիկան կամ էլ անգլոսաքսոնական, ինչպես նաև հռոմեագերմանական ինստիտուտին պատկանող երկներ, Ֆրանսիան կամ Գերմանիան: Որտեղ էլ վերցնենք՝ հանրությունը մասնակցում է արդարադատության իրականացմանը»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք՝ նախորդ տարի, երբ շրջանառության մեջ էր դրվել Սահմանադրության նոր հայեցակարգի նախագիծը, խոսք էր գնում նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին, թեև այս դրույթը չամրագրվեց նոր Սահմանադրության մեջ, սակայն պարոն Ավետիսյանն առ այսօր իր հույսը չի կորցնում, ըստ նրա մի օր` ատենակալների կամ ասիզների համակարգը կներդրվի ու քաղաքացիները կմասնակցեն արդարադատության իրականացմանը:
Պարոն Ավետիսյանը նաև օրինակ բերեց Վրաստանից. «Այնտեղ գործում է ատենակալների դատարանը, ընդ որում՝ հետաքրքիր փորձ ունեն. ոչ թե բոլոր գործերն են քննվում, այլ երկու կատեգորիաների գործեր, որոնք հատկապես կապված են հանրության կողմից վստահության ձևավորման հետ, որոնք են դրանք՝ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործերն ու ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործություններ: Ես որքանով իմ գործընկերների հետ շփվել եմ, նրանք գոհ են այդ համակարգի գործունեությունից, այն նպաստում է դատարանների նկատմամբ վստահության ձևավորմանը»:
Մեր այն դիտարկմանը, որ երդվյալների դատարանի ներդմանը դեմ հանդես եկողները բազմաթիվ հակափաստարկներ են բերում, այդ թվում՝ նշվում է, որ ի տարբերություն հիշատակված երկրների, Հայաստանի բնակչությունը համեմատաբար քիչ է, ինչը ռիսկեր է պարունակում, պարոն Ավետիսյանն ասաց. «Հակափաստարկները ես լսել եմ, դրանց հետ համաձայն չեմ, Վրաստանն ունի նույնքան ազգաբնակչությունն, ինչ մեզ մոտ, սակայն այնտեղ աշխատում է այս համակարգը: Մեզ մոտ, չգիտես՝ ինչու, անվստահության կանխավարկած կա, ասում են՝ մեր երկրում բոլորը բոլորին ճանաչում են, ուստի չի աշխատի, վստահեցնում եմ՝ դա այդպես չէ: Խորհրդային տարիներին ատենակալների համակարգ կար, գործերը լսում էին երկու ատենակալ ու մեկ դատավոր, ատենակալները նույն ձայնն ունեին, ես աշխատել եմ խորհրդային տարիներին, կարող եմ ասել, որ անգամ այդ տարիներին, համակարգը շատ ավելի արդյունավետ էր գործում, քան մեկ դատավորով քննվող գործերը: Ես 9 տարի առաջին ատյանի դատարանում աշխատել եմ ու չեմ հիշում դեպք, որ ատենակալները տուրք տրվեն մեկի խնդրանքին: Նշեմ նաև, որ Անգլիայում քաղաքացիներն իրենք են դիմում՝ մագիստր աշխատելու համար, ընդ որում՝ գործատուի խղճին է դրված՝ այդ անձը կվարձատրվի մագիստր աշխատելու համար, թե ոչ, գործատուները որպես կանոն նրանց վարձատրում են, որովհետև այդ հիմնարկի համար մեծ պատիվ է, որ իրենց կոլեկտիվի ներկայացուցիչը մագիստր է աշխատում դատարանում: Մի խոսքով՝ մենք չպետք է վախենանք, մենք պետք է ասենք հնարավոր է ու պետք է իրականացնենք, ես համոզված եմ, որ այդ մեխանիզմը կաշխատի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Գևորգ Թոսունյան