Ընտրական նոր օրենսգրքի նախագծով վստահված անձիք հնարավորություն կունենան պահանջելու և ծանոթանալու ստորագրված ցուցակների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ընդ որում՝ նշյալ ցուցակները ենթակա չեն լուսանկարահանման կամ պատճենահաման, սա ըստ նախարարի՝ կնշանակի հենց փաստացի հրապարակում, իսկ նախագծում որդեգրվել է հետևյալ սկզբունքը՝ ցուցակները չեն հրապարակվելու. «Այս պահի դրությամբ երկու ժամ է նախատեսված, որ վստահված անձը կամ դիտորդը կարող է գնալ և ծանոթանալ ցուցակին, արտագրել՝ իր համար կասկածելի հատվածը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ սա դեռ վերջնական որոշում չէ:
Եթե չեն հրապարակվում ցուցակները, ապա քննարկման ժամանակ առաջարկվեց վրացական մոդելը՝ այն է ցուցակների մաքրում. «Վրաստանը երկու ցուցակ էր առաջարկում, ասում էին՝ մի ցուցակում ընդգրկվեն նրանք, ովքեր երկրում են և ևս մեկ ցուցակ, երբ անձիք երկրում չեն: Իրենց ընտրությունների ժամանակ մոտենում էր անձը, եթե այն ցուցակն էր վերցնում, որը երկրորդն է, նշանակում էր, որ նա բացակայել է երկրից: Պատկերացրեք մի իրավիճակ՝ անձը մոտենում է հանձնաժողովի նախագահին՝ ասելով, որ ես այս մարդն եմ, առաջին ցուցակում նրա անունը չի լինում, միգուցե անձը հենց երեկ է վերադարձել իր հայրենիք, վերցնում էին երկրորդը ու ստուգում: Վրացական մոդելում հնարավորություն էր տրվում, որ վստահված անձը մոտենար ու իր հերթին ստուգում իրականացներ: Սա որոշակի լարվածություն էր առաջացնում գործընթացում: Բայց մենք բավականին լայն մեխանիզմներ ենք ներդրել ընտրական գործընթացի թափանցիկ գործունեության համար»,- նշեց նախարարը:
Նա հարցին այլ տեսանկյունից մոտեցավ՝ այն մոդելը, որ ներկայումս գործում է, ավելի լա՞վն է, քան առաջարկվողը. «Մենք պետք է հասկանանք՝ որ մոդելի առավելություններն են մեզ համար նախընտրելի, մենք միանգամից մի քանի մոդելներ ենք ցանկանում ներդնել»,- ասաց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ նախագիծը ամենօրյա փոփոխությունների շրջափուլում է, զուգահեռ իրականացվում են քննարկումներ, որպեսզի առաջիկա ամիսների ընթացքում նախագծի վերջնական տարբերակը պատրաստ լինի:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցը սկսեց մեկ խնդրանք-պահանջով՝ հարցերը տալիս չխոսել հանրության ու ժողովրդի անունից, այնուհետև անդրադարձավ ստորագրված ցուցակների հրապարակմանը. «Պաշտոնապես հրապարակման հետ կապված մենք չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքներն ու ՍԴ-ի դիրքորոշումները, այնուամենայնիվ, եթե բուն նպատակը ընտրական գործընթացի վերահսկողությունն է, մենք պատրաստ ենք որոնելու մեխանիզմներ»:
Հարցին՝ վիճարկվե՞լ է արդյոք ՍԴ-ի կողմից այն դրույթը, որ չեն հրապարակվում ստորագրված ցուցակները, պարոն Հարությունյանը պատասխանեց. «ՍԴ-ն արտահայտելով իր դիրքորոշումը նշել է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերում սա համարվում է գաղտնիության տար, ՍԴ-ն պաշտպանում է այդ մոտեցումը, այսինքն՝ ՍԴ-ն պաշտպանում է, որ պաշտոնապես հրապարակումը անձանց ցուցակները խախտում է գաղտնիության սկզբունքը»,- շեշտեց պարոն Հարությունյանը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Ընտրական նոր օրենսգիրքը հանգեցնելու է նրան, որ իշխանությունը կիրառելով «տոտալ ադմինիստրատիվ ռեսուրսը», հնարավորություն է ունենում ձայներ ապահովել. «Օրինակ՝ ռեկտորի, մարզպետի հետ մրցակցության դեպքում ընդդիմության թեկնածուն կպարտվի, այս եղանակով դուք փորձում եք ստանալ հնարավորինս շատ ձայներ: Ձեր ընտրությունները գնում են բրենդների միջև, ուզում եք 600 դիտորդ բերեք, որևէ բան չի փոխվելու»:
Պատգամավոր Լևոն Զուրաբյանը բացի ստորագրված ցուցակների հրապարակայնացումից առաջարկում է տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում. «Ոչ ոք չի ցանկանում ուղիղ եթերում հանցագործություն կատարել»,- իր առաջարկը հիմնավորում էր նա:
Քաղաքական գործիք Արմեն Մարտիրոսյանն էլ շեշտեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը չի նպաստում ընտրական կոռուպցիայի նվազեցման գործընթացին: