Փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Քաղաքացի Կարեն Սուրիկի Ավետիսյանին կրկնվող տվյալներով անձնագրավորելու վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարեն Ավետիսյանը՝ ծնված 14.05.1977թ., 1993 թ. դեկտեմբերի 10-ին Անիի անձնագրային ծառայության կողմից առաջին անգամ փաստաթղթավորվել է նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրով, ինչի հիման վրա 2001թ. նոյեմբերի 29-ին նույն անձնագրային ծառայությունից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու հիմքով` 2006թ. նոյեմբերի 22-ին փոխանակվել է նոր անձնագրով: Հիշյալ երեք անձնագրերում՝ որպես Կարեն Ավետիսյանի հաշվառման հասցե նշվել է՝ ք. Մարալիկ, Մադաթյան փողոց, 21 շենք, 7 բնակարան:

Միաժամանակ պարզվել է, որ Կարեն Ավետիսյանը 1995թ. մայիսի 3-ին Անիի անձնագրային ծառայության կողմից փաստաթղթավորվել է նախկին ԽՍՀՄ նմուշի մեկ այլ անձնագրով ևս: Նշված անձնագրի հիման վրա էլ 1995թ. հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Կարեն Ավետիսյանին տրվել է ՀՀ քաղաքացու մեկ այլ անձնագիր, որտեղ Կարեն Ավետիսյանի հաշվառման հասցե նշվել է «Մադաթյան փողոց, 21Ա շենք», իսկ ծննդյան տարեթիվը՝ 14.05.1978թ.:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Մարալիկ քաղաքում «Մադաթյան փողոց, 21Ա շենք» հասցե գոյություն չունի, իսկ 14.05.1978թ. ծնված Կարեն Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Անիի բաժնում ծննդյան ակտային գրանցում չի հայտնաբերվել և վերջինիս ծննդյան վկայական չի տրամադրվել:

Դեպքի առթիվ 2015թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել