ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է` Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբրհայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով հետ նահանջել, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է:
Ավելին, ըստ հաղորդագրության` այսօր ժամը 15:20-ի սահմաններում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր:
ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատժիչ գործողությունների և վերջինիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:
Մեկ այլ հայտարարություն է իր ֆեյսբուքյան էջում տարածել նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նա գրել է` Ադրբեջանին ամենուր հայկական դիվերսիաներ են երևում, դիվերսիավախ կա: Սակայն այս ապատեղեկատվությունը իրականում իրավիճակի լարմանն է միտված: Հակառակորդը կրակոցները ինտենսիվացնում է և խոսում լարման մասին: Իրականում իրավիճակը բավականին հանգիստ էր: Հայկական կողմը խստագույնս կարձագանքի ցանկացած սադրանքներին և ոչ մի ոտնձգություն անարձագանք չի մնա: