ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողով ներկայացրած փաթեթն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Այս նախագծով վավերացվեց՝ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2» վարկային համաձայնագիր:
Մինչ այս խորհրդարանում նախագծի մասին զեկուցող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ասել էր, որ ըստ այս համաձայնագրի՝ բանկը ՀՀ կառավարությանն է տրամադրելու 112 մլն 960 հազար ԱՄՆ դոլար վարկային ռեսուրս. «Ծրագիրը նախատեսում է իրականացնել ու ավարտել մինչև 2020 թվականը: Մարման ժամկետը 22 տարի է, արտոնյալ ժամկետը 12 տարի, տոկոսադրույքը՝ լողացող»,- նշեց պարոն Արեյանը:
Վարկային համաձայնագիրը բաղկացած է երկու խոշոր մասերից: Սա երկրորդ տրանշն է: Այս տրանշով նախատեսվում է կառուցել Նորագավիթից Արգավանդ ճանապարհահատված, այնտեղից՝ Բաբաջանյան փողոց, այնուհետև Աշտարակի մայրուղի՝ Դավիթաշեն թաղամասի ճյուղով։ Պարոն Արեյանը տեղեկացրեց, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը 17 կմ է լինելու։
Ազգային ժողովում համաձայնագրին կողմ քվեարկեցին 78 պատգամավոր, դեմ՝ 20-ը, ձեռնպահ էին 12-ը: