ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողով է ներկայացրել՝ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2» վարկային համաձայնագիրը ներկայացնելու ծրագիրը:
Այսօր խորհրդարանում նախագծի մասին զեկուցեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա ասաց, որ ըստ այս համաձայնագրի՝ բանկը ՀՀ կառավարությանն է տրամադրելու 112 մլն 960 հազար ԱՄՆ դոլար վարկային ռեսուրս. «Ծրագիրը նախատեսում է իրականացնել ու ավարտել մինչև 2020 թվականը: Մարման ժամկետը 22 տարի է, արտոնյալ ժամկետը 12 տարի, տոկոսադրույքը՝ լողացող»,- նշեց պարոն Արեյանը:
Վարկային համաձայնագիրը բաղկացած է երկու խոշոր մասերից: Նա տեղեկացրեց, որ սա երկրորդ տրանշն է: Առաջին տրանշը 60 մլն դոլարի վարկային ծրագիր է, որով իրականացվել է ու իրականացվում է հետևյալ ճանապարհի շինարարությունը՝ Արշակունյաց պողոտա-Բանվորի արձան՝ Բարգրատունյաց փողոցի հատվածից քիչ ներքև, մինչև Նորագավիթ, շարունակություն՝ մեծ տրանսպորտային հանգույցով դեպի Արտաշատի խճուղի և միացում Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի դեպի Արտաշատ տանող հատվածին: Արդեն 25 մլն դոլարի աշխատանքներ կատարվել են, Կամո Արեյանը փոխանցեց, որ նախատեսվում է այս ծրագիրն ավարտել 2017թ, վերջին:
Իսկ երկրորդ տրանշով նախատեսվում է կառուցել Նորագավիթից Արգավանդ ճանապարհահատված, այնտեղից՝ Բաբաջանյան փողոց, այնուհետև Աշտարակի մայրուղի՝ Դավիթաշեն թաղամասի ճյուղով։ Պարոն Արեյանը տեղեկացրեց, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը 17 կմ է լինելու։