ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և Եվրոպայի խորհուրդը 2016 թվականի հունվարի 29-ին կազմակերպել էին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով աշխատանքային քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաև՝ պետական տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Արփինե Հովհաննիսյանը, շնորհավորելով մասնակիցներին անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվա 10-ամյակի կապակցությամբ, նշել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են այնպիսի կարգավորումներ, որոնք պետությանը հնարավորություն կտան ավելի արդյունավետ կերպով իրականացնել աշխատանքներն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր ողջույնի խոսքում նշել է, որ անհատների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2012 թվականին, այս ոլորտում դեռևս միակ պարտադիր միջազգային փաստաթուղթն է: Այն բաց է բոլոր երկրների համար և կարող է դառնալ համաշխարհային չափանիշ: Տեղեկացնում են նախարարությունից: