ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 8-ի հրամանագրերի համաձայն՝ մի շարք դատավորներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից և նշանակվել այլ դատարանում՝ դատավորի պաշտոնում:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նորանշանակ դատավորներին ներկայացրել է համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ներկայացվել են դատավորներ Նաիրա Ավետիսյանը, Սարգիս Երիցյանը, Արմեն Խաչատրյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավորներ Դավիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մարինե Մելքոնյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դատավորներ Գագիկ Խանդանյանը և Սլավիկ Թորոսյանը:
Վճռաբեկ դատարանի նախագահը, շնորհավորելով նորանշանակ դատավորներին, ինչպես նաև բարձր գնահատելով նրանց գիտելիքներն ու պատրաստվածությունը, հույս է հայտնել, որ նրանք պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության հետագա իրականացմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ Դավիթ Ավետիսյանի և Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ վերոնշյալ դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է առկա մարտահրավերներին ու խնդիրներին, քննարկել դատական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են դատական դեպարտամենտից: