Ավտոմայրուղին՝ «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանի ազդման գոտում գտնվող ճանապարհ է, որը նույն մակարդակի վրա չունի հատումներ կամ հարակցումներ այլ ճանապարհների, երկաթուղային գծանցների կամ տրամվայի գծերի, հետիոտնային անցումների կամ հեծանվային արահետների հետ, չի սպասարկում ճանապարհամերձ տիրույթները և որում հանդիպակաց երթևեկելի մասերը բաժանված են բաժանարար գոտիով կամ ճանապարհային ցանկապատով: Ավտոմայրուղի համարվող ճանապարհի սկիզբը և վերջը նշվում են 5.1` «Ավտոմայրուղի» և 5.2` «Ավտոմայրուղու վերջը» նշաններով: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության N 955-Ն որոշման մեջ:
Ավտոմայրուղիներում արգելվում են`
1) հետիոտների երթևեկությունը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.
2) հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.
3) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.
4) կանգառը` 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.
5) հետադարձը և մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ.
6) հետընթացը.
7) ուսումնական վարումը:
Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշանով կահավորված ճանապարհների վրա: