Երեք արգելք, որ պետք է իմանա յուրաքանչյուր գործատու և աշխատող

Գործատուն պետք է իմանա, որ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն արգելվում է օրենքով և նախատեսված է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50 հազար ՀՀ դրամ)` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար ՀՀ դրամ)` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Յուրաքանչյուր աշխատող և գործատու պետք է նաև իմանա, որ արտադրությունում (աշխատատեղերում, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շենքերում և տերիտորիայում) ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը նույնպես տուգանք է առաջացնում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում տուգանքի չափն է սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսը:

Գործատուների և աշխատողների կողմից ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հարբած վիճակում աշխատանքի գալու դեպքերը թաքցնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Տուգանքի ենթական են նաև այն պաշտոնատար անձիք, ովքեր հայերենին չեն տիրապետում, նրանց դեպքում սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել