Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ:

Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը, ի հեճուկս ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման և ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումների, հրահանգել է Ազատության հրապարակում վրան տեղադրել, ինչի իրավաչափ կանխումը ոստիկանների կողմից հանգեցրել է չարդարացված լարվածության առաջացման և քաշքշուկի, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների օրինական գործողությունների իրականացման համար:

Բացի այդ, հավաքի մասնակիցներին երթի կոչ անելուց հետո, հավաքի կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների իրավաչափ պահանջներին և հրաժարվել է հայտնել երթուղին՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկվել թույլ տրված խախտումների համար: Ավելի ուշ պարզվել է, որ հավաքի կազմակերպիչները խախտելով նախապես տրված իրազեկմամբ նշված երթուղին, շարժվում են դեպի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ավելին, նույն օրը անցկացված հավաքի ընթացքում դրա կազմակերպիչները հնչեցրել են հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ աղերս չունեցող և իրավախախտման հատկանիշներ պարունակող տարաբնույթ գործողություններ կատարելուն ուղղված բազմաթիվ կոչեր, մասնավորապես, հորդորել են առաջիկա օրերին «արգելափակել փողոցներ», «շրջապատել շենքեր», «այցելել պետական կառույցներ» և այլն:

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով հանդուրժողականության և համաչափության սկզբունքներից բխող իր գործելակերպին, հավաքների կազմակերպիչներին հերթական անգամ հորդորում է հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ձեռնպահ մնալ արկածախնդիր գործողություններից, օրենքի ուղղակի խախտումները քաղաքացիական անհնազանդության դրսևորումներով քողարկելուց, անպատասխանատու հայտարարություններ տարածելուց:

Նման վարքագիծը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վտանգ է ստեղծում, այդ թվում՝ սպառնում է հավաքի մասնակիցների և ոստիկանների անվտանգությունը: ՀՀ ոստիկանությունն ապօրինի (իրազեկման պայմանների խախտմամբ) երթ կազմակերպած անձանց նկատմամբ վարչական վարույթ սկսելու միջնորդությամբ դիմել է Երևանի քաղաքապետին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել