ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց մի նախագիծ, որով նախատեսվում է զինվորական ավանները հանձնել պաշտպանության նախարարությանը, պետությանն այս գույքը հանձնել է «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ գույքի մասին է խոսքը, պարոն Մարկոսյանն ասաց, որ հավելվածով նշված է. «Հիմնականում անշարժ գույք է և հավելվածով մանրամասն ներկայացված է, օրինակ՝ ստուգման կետ, պահեստ, զինվորական հանրակացարան, զորանոց, մարզադաշտ, շտաբ»:
«Ե՞րբ են նրանք գույքը հանձնել պետական բյուջեին», հարցրեց վարչապետը, պաշտոնյան պատասխանեց, որ 2013թ. «Բա ինչո՞ւ էիք հանձնումը հիմա իրականացնում, բա այդ երկու տարին ի՞նչ էիք անում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը, պատասխան հնչեց, որ գնահատման աշխատանքներ էին իրականացվում. «Երկու տարի գնահատո՞ւմ էիք, պահեստն ի՞նչ պիտի գնահատենք, նպատակն ի՞նչ է, մի հատ բացատրի հասկանամ: Երկու տարի, եթե վերցրել եք, որ պիտի տայիք պաշտպանությանը, ինչի համար էիք ձգում»,- վարչապետի նկատառումին արձագանքելով՝ Աշոտ Մարկոսյանն ասաց, որ գույքը չի օգտագործվել: Հետագա պարզաբանումները վարչապետը չլսեց և հաստատեց նախագիծը:
Բացի այդ, այսօր զվարճալի իրավիճակ ստեղծվեց հաջորդ զեկուցման հետ կապված: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանի ներկայացված նախագիծ առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1994 թվականի նոյեմբերի 15-ի «ՀՀ տարածքում գործող նախկին ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով պաշտպանվող գյուտերի եւ նախկին ԽՍՀՄ վկայագրերով պաշտպանվող արդյունաբերական նմուշների օգտագործման և դրանց հեղինակների վարձատրության կարգի հաստատման մասին» որոշումը:
«Քանի որ նախկին ԽՍՀՄ-ը չկա, առաջարկում եմ ուժը կորցրած ճանաչել որոշումը»,- նշեց պարոն Եղիազարյանը, իսկ վարչապետն արձագանքեց. «Բա ինչի՞ էս տենց տխուր ասում՝ չկա»,- կատակելով հարցրեց վարչապետը. «Դե ես հին մարդ եմ պարոն վարչապետ»,- պատասխանեց պարոն Եղիազարյանը: