ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին:
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության համար առաջնահերթ ծրագրերն ու լուծում պահանջող խնդիրներն, ինչպես նաև քննարկել այդ համատեքստում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում են ԱՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այդ թվում նաև պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային նորաստեղծ հարթակի աշխատանքներին, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն, ինչպես նաև խտրականության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամություն հայտնել: