Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը հոկտեմբերի 12-ից 15-ը ուսումնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի խորհրդի անդամներ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, առկա ուսուցման վարչության պետ Արմեն Բաղդասարյանը, գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանը: Այս մասին հաղորդում են Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:
Ըստ աղբյուրի` Գերմանական նույնանման կառույցի գործունեությանն ու երկարամյա փորձին տեղում ծանոթանալու նպատակով՝ Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները այցելել են երկրի արևմուտքում գտնվող հնագույն Տրիեր քաղաք՝ Գերմանիայի դատական ակադեմիա: Այն ոլորտում համաշխարհային առաջատարներից է և շուրջ 45 տարի իրականացնում է դատավորների և դատախազների վերապատրաստում: Այցի շրջանակում մեր պատվիրակները ծանոթացել են Դատական ակադեմիայի պայմաններին, գործունեությանը, ապա՝ ակադեմիայի տնօրեն Սթեֆան Թրաթսի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Դատական ակադեմիայում մասնագիտական դասընթացներից բացի հատուկ ուշադրություն է դարձվում նաև հարակից առարկաների ուսումնական ծրագրերին և դասավանդման մեթոդներին:
Այցի շրջանակում Ակադեմիայի ներկայացուցիչները այցելել են նաև Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց երկրամասի արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանում, որը զբաղվում է վերապատրաստման գործընթացի համակարգմամբ: Նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկվել են երկու երկրներում դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Ուսումնական այցը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):