Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1064-Ն որոշման համապատասխան` Ջերմուկի քաղաքային համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` նախորդ տարիներին առաջացած պարտքերը վճարելու և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու համար, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2015 թվականին կառավարության որոշմամբ կհատկացվի 29 մլն ՀՀ դրամ դրամ: Նման որոշման նախագիծ է ներկայացվել կառավարության հոկտեմբերի 22-ի նիստին:
Գումարը կհատկացվի ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքին` սուբվենցիայի տրամադրման պայմանագրի հիման վրա:
Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ջերմուկի քաղաքային համայնքի նախորդ տարիների պարտքի վճարմամբ (24 մլն ՀՀ դրամ, որից 14 մլն դրամը կազմում է քաղաքապետարանի պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը, 8 մլնը՝ քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համար, և 1,1 մլն դրամը` «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության պարտքը) և համայնքի 2015 թվականի բյուջեի դեֆիցիտի մասնակի ծածկմամբ (որը կազմում է 16 մլն ՀՀ դրամ և առաջացել է տարիների ընթացքում և պայմանավորված է համայնքում պարբերաբար իրականացվող քաղաքի սանիտարական մաքրման, էներգետիկ (ջեռուցման երկարատև ժամանակահատվածի) և փողոցային լուսավորության ծախսերով), քանի որ պահանջվող գումարից հատկացվում է 4,9 մլն ՀՀ դրամը: