Ինչպես Իրավաբան.net-ը ավելի վաղ հայտնել էր, սեպտմբերի 19-ին հանրային քննարկման է ներկայացվել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս օրինագծով նախատեսվող ամենաքննարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանական գրասենյակների կառավարմանը: Փաստաբանական գրասենյակի մասնաբաժինների 100 տոկոսը պետք է պատկանի փաստաբանի/փաստաբանների:
Փաստաբան Տիգրան Սաֆարյանը ճիշտ է համարում առաջարկվող նման փոփոխությունը, քանի որ այդպիսով կնվազեցվի փաստաբանի գործունեության վրա արտաքին ազդեցությունը. ներկայումս կան փաստաբանական գրասենյակներ, որոնք ղեկավարվում են ոչ փաստաբանների կողմից, ինչը բնական չէ.
«Ենթադրենք ինչ-որ դատավորի ազգական կամ պաշտոնատար որևէ անձ իր ընտանիքի որևէ անդամի միջոցով ունի ու ղեկավարում է փաստաբանական գրասենյակ: Դուք պատկերացնում եք, ենթադրենք դատախազության աշխատակիցը կամ նրա ընտանիքը ունենա փաստաբանական գրասենյակ. սովորական վստահորդները ի՞նչ վստահությամբ պետք է դիմեն այդ գրասենյակում աշխատող փաստաբաններին»,- ասաց Տիգրան Սաֆարյանը: