Շաբաթներով տուն չգնալ, աշխատել վտանգավոր բանդաների հետ, հայտվել զենքի նշանառության հետ. 1990-ականներին քննիչի ծանր աշխատանքի մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում է քննիչի բազմամյա փորձ ունեցող իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանը: Քննիչի իր կարիերան սկսել է բուհն ավարտելուց հետո և արագ առաջխաղացում է ունեցել՝ հասնելով մինչև ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) քննիչի պաշտոնին: Նախաքննություն է իրականացրել հանրապետությունում այդ ժամանակահատվածում արձանագրված գրեթե բոլոր բարդ ու հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով, ղեկավարել այդ գործերով ստեղծված քննչական խմբերը։
Իրավաբան.net-ը սկսում է «Քննիչներ» հատուկ նախագիծը:
–Մեր զրույցներից մեկի ժամանակ Դուք ասում էիք, որ քրեական գործերով ամենակարևոր գործը հենց քննիչին է, քանի որ նա կառուցում է շենքը, իսկ մյուսները միայն ուղղումներ են անում: Դուք հետագայում նաև դատախազական համակարգում եք աշխատել, այժմ էլ փաստաբանական գրասենյակում եք աշխատում, շարունակու՞մ եք այդպես կարծել:
-Մոռանու՞մ եք, որ քննիչից եմ սկսել: Քննիչը ապրելակերպ է, կենցաղավարության ձև է: Բնականաբար, չես կարող հրաժարվել այդ ապրելակերպից՝ անկախ նրանից, թե որ համակարգում կաշխատես: Ես, իհարկե, շարունակում եմ մնալ այդ կարծիքին:
Մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ մի փոքր մասն արարում է, իսկ մյուս մասը՝ սպառում է այդ արարվածը: Իսկ եթե այդ անալոգիան անենք իրավապահ մարմինների դեպքում, ապա քննության ընթացքում արարողը, ստեղծողը քննիչն է, նա ստեղծում է այն պլատֆորմը, որի վրա հետագայում կայանալու է արդարադատությունը: Եվ քննություն կատարելու ժամանակ նա հետազոտող է: Ես իմ գրքում («Քննիչի հանրագիտարան» մատենաշար) ներկայացրել եմ իդեալական քննիչի առանձնահատկությունները. առաջին հերթին՝ բազմակողմանի զարգացած մարդ լինել, տիրապետել իրավունքի բոլոր ճյուղերին, չդադարել մարդ լինել: Տրամաբանելու և վերլուծելու ունակությունը պետք է շատ շեշտված լինի քննիչների մոտ: Առանց այդ ունակության քննիչը քննիչի թեկնածու է, բայց ոչ քննիչ: Դա կարևոր ատրիբուդ է, ոչ պակաս կարևոր, քան օրենսդրության իմացությունը:
-Շատերը քննիչին պատկերացնում են Շերլոկ Հոլմսի կերպարով:
-Բնականաբար, շատ մարդիկ են ոգեշնչվել այդ կերպարով և քննիչ դարձել:
-Նաև Դու՞ք:
-Ինչու՝ չէ, բայց ոչ միայն: Ես մեծացել եմ իրավաբանների միջավայրում, հայրս վաստակավոր իրավաբան, իրավական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեղամ Ղարխանյանն է: Դեռևս դպրոցական տարիներին եմ որոշել քննիչ դառնալ: Ավելի կոնկրետ կարող եմ ասել՝ չորրորդ դասարանում, երբ մեր տանը տեսա և յուրովի ընթերցեցի Քրեական օրենսգիրքը:
Բուհն ավարտելուց անմիջապես հետո նշանակվել եմ որպես քննիչ՝ Մաշտոցի շրջանի դատախազությունում, հետո կարճ ժամանակում առաջընթաց եմ ունեցել, որն ուղղակիորեն կապվում է աշխատասիրության հետ: Եղել եմ Արաբկիրի դատախազությունում ավագ քննիչ, հետո Երևան քաղաքի դատախազությունում՝ ՀԿԳ քննիչ, իսկ հետո ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ:
Սա քննչական կարիերայի բուրգի ամենավերին հատվածն է: Դա լուրջ ինստիտուտ ու լուրջ դարբնոց էր, այստեղ աշխատում էին նվիրյալները: Գոնե այս ոլորտում փորձի փոխանակումը շատ կարևոր նշանակություն ունի: Երբ 20-25 տարեկանը գնում է աշխատանքի, ապա նրա կողքին պետք է լինի 40-50 տարեկան փորձառու մասնագետը, թեկուզև տեսական գիտելիքներով մի քիչ կզիջի այդ երիտասարդին, որովհետև նա նոր է ուսանողական նստարանից եկել: Բայց ավագ սերնդի քննիչի փորձն ու պրակտիկան օգնել է նրան շատ արագ կայանալ:
-Գիտեք, հատկապես վերջին շրջանում խոսվում է, որ քննիչները մեղադրական հակումով են քննություն կատարում ու դա գալիս է նաև ավագ սերնդից:
-Ոչ, համաձայն չեմ: Նրանք անհատներ են՝ կայացած կամ չկայացած, փորձառու կամ՝ ոչ, սկսնակ կամ շատ պրոֆեսիոնալ: Եվ ինչպես բնության մեջ չկա կատեգորիկ բան, այնպես էլ այստեղ չկա:
Ինձ համար անընդունելի է այն օրենսդրական կարգավորումը, համաձայն որի, քննիչը համարվում է մեղադրանքի կողմ: Քննիչը որևէ կողմում հանդես գալ չի կարող, քննիչը պետք է լինի ինքնուրույն, պետք է հետազոտի, պարզի իրականությունը: Որոշ տեսաբաններ քննիչի համար նույնիսկ օգտագործում են «փոքր դատավոր» տերմինը, այսինքն ՝ քննիչը նախաքննության ժամանակ անում է այն, ինչն անում է դատավորը՝ դատավարության ժամանակ: Այսինքն՝ չպետք է կաշկանդված լինի որևէ կողմի դիրքորոշումներով, պետք է օբյեկտիվորեն լսի բոլոր կողմերին և գա օբյեկտիվ եզրահանգման՝ նախաքննության փուլում, և ստեղծի այն դաշտը, որի վրա պետք է կայանա արդարադատությունը:
Իսկ մեր ներկայիս օրենսդրությամբ քննիչը ներառված է մեղադրող կողմում: Ես կարծում եմ, որ առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ:
-Բայց երբ Դուք դատախազ էիք, դա, հավանաբար, օգնում էր Ձեզ:
-Ոչ, ոչ, լավ պատկերացնում չունեք դատախազների մասին: Միգուցե, ընդհանուր առմամբ, դատախազների մասին տպավորությունն այդպիսին է, սակայն դատախազն ինքն էլ յուրովի դատավոր է: Եթե դատախազը ստանում է քերական գործ՝ որոշակի եզրահանգումներով, դատախազն ինքն էլ, չէ՞, պետք է վեր կանգնի ամենից ու օբյեկտիվ նայի ձեռքբերված ապացույցներին և հասկանա, թե այդ եզրահանգումը ստացվել է ապացույցների բազմակողմանի վերլուծության արդյունքում, թե որոշակի թեքումով է: Այսինքն՝ բոլորի մոտ պետք է լինի այդ օբյեկտիվությունը՝ անկախ նրանից՝ մեղադրանքի կողմ է, թե՝ ոչ: Ինչու՞: Որովհետև եթե մեղադրանքն անհիմն է և գործն ուղղարկվի դաստարան, այդ նույն դատախազն է մեղադրանքը պաշտպանելու: Զուտ մեղադրանքի կողմ լինելը չի նշանակում շտամպով մեղադրանքներ հաստատել և ուղարկել դատարան: Այ հենց այդտեղ է երևում դատախազների պրոֆեսիոնալիզմը:
Շատ հետաքրքիր և պարզ մեխանիզմ կա դատախազի աշխատանքի պրոֆեսիոնալությունը ստուգելու համար՝ իր կողմից դատարան ուղարկված գործերով դատական ակտերի տեսակն է՝ արդարացման, թե՝ մեղադրական դատավճիռ է կայացվել: Եվ արդյունքում շատ հեշտ կարելի է հասկանալ՝ այդ դատախազը լավ է աշխատում, թե՝ ոչ:
-Այո, բայց պրակտիկայում կա նաև դատարանների անկախության խնդիրը:
-Դատարանի անկախությունը դրսևորովում է վերջնական դատական ակտով, իսկ այդ դատական ակտը պետք է բխի քրեական գործից: Չեն կարող գործի նյութերը դատավորի համար այլ լինել, դատախազի համար՝ այլ: Կարող է լինել ընդամենը դատավորի ու դատախազի պրոֆեսիոնալիզմի տարբերություն: Մենք պետք է հիմք վերցնենք դատարանի վերջնական ակտը: Ի վերջո, մենք ունենք դատական եռաստիճան համակարգ. եթե առաջին ատյանը սխալվել է, ապա կա երկրորդ, երրորդ ատյան: Եվ վերջնական դատական ակտի դեպքում կարելի է կարծիք կազմել թե քննիչի, թե դատախազի մասնագիտական որակների մասին:
-Միգուցե հարցս մի քիչ կոպիտ կհնչի, այնուամենայնիվ, ուզում եմ տալ: Երբ ես նոր էի սկսել իրավական ոլորտը լուսաբանել, քաղաքացիների կողմից մեկ-երկու անգամ լսեցի, որ քննիչին «սվաղչի» են ասում (նկատի ունենալով, որ կարող են նույնիսկ առանց հիմքերի անձին ներքաշել քրեական գործի մեջ): Դուք լսե՞լ եք այդ արտահայտությունը:
-Ես ինքս չեմ լսել, առաջին անգամ եմ լսում, բայց բնական եմ համարում դա: Սա նույնպես կապվում է բնության հետ: Մարդը բնական էակ է, բոլորս էլ այս բնության մեջ ապրող էակներ ենք, իսկ բնության մեջ որակյալը քիչ է. քննչական ապարտը դրանից դուրս լինել չի կարող: Նման կարծիքի հիմքը եղել է այն, որ անձը շփվել է «սվաղչու» հետ: Իսկ ո՞վ ասաց, թե մյուս ոլորտներում բոլորը լավն են, բայց արդունքում ոլորտը զարգանում է որակյալ փոքրամասնության հաշվին:
Մյուս կողմից, գիտեք, ամեն մեկն իր ձևով է ընկալում արդարությունը: Քննիչի վիճակը պատկերացրեք, երբ նա հետազոտեց և պիտի եզրակացություն գրի, որ այս անձը մեղավոր է: Մարդը հո չի ասելու. «Ի՜նչ լավ քննիչ էր, ամեն ինչ արեց, որ ես դատվեմ»: Իհարկե, կան, բայց շատ քիչ կան, որ ասում են՝ ես արժանի եմ, զղջում եմ:
-Ձեր պրակտիկայում հանդիպե՞լ են նման մարդիկ:
-Ես մեկի վերաբերյալ մեղադրական եզրակացություն էի գրել, դատարանում երբ հրապարակվել էր մեղադրական եզրակացությունը, ասել էր. «Այնքան ճիշտ էր գրված, ես արժանի եմ դատվելու, խնդրում եմ ինձ դատեք»: Պետք է լիարժեք ճշմարտությունը լինի, մի բառի թերի օգտագործումը հիմք է տալիս մարդուն կասկածելու, որ ճշմարիտ չէ, իրականությունը չէ արտացոլված:
(Զրույցի ընթացքում Հակոբ Ղարախանյանին այցելության եկավ նախկին ՀԿԳ ավագ քննիչներից Հակոբ Բաբայանը):
-Պարոն Բաբայան, քիչ առաջ պատմում է մեր հին ՀԿԳ քննիչներից: Այն, որ ասում եմ՝ դարբնոց էր, դարբիններից մեկն էլ Հակոբ Բաբայանն էր: Կարող եմ ասել, թե ումից ինչ եմ սովորել: Մեր երջանակահիշատակ Մարսել Նշանիչ Մաթևոսյանից (եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ) սովորել եմ քննության պլանավորման ձևերը, ինքն իր ձևով էր պլանավորում, բայց շատ հասկանալի և իր համար, և ուրիշների. պլակատը փռում էր, գծում էր: Ես էլ էի արդեն էդ պլակատներին ուշադրություն դարձնում: Պարոն Հովսեփյանից (Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան )ու պարոն Միրզոյանից (ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյան) սովորել եմ հարցաքննության տակտիկան. հատուկ տակտիկա ունեին մարդուն խոսեցնելու ու ճշմարտությունը կորզելու: Պարոն Բաբայանից սովորել եմ համակարգչային տեխնիկա և ընդհանրապես տեխնիկայի հետ աշխատանքը, դրա կիրառումը կյանքում:
Այն ժամանակվա (նկատի ունի 1990-ական թվականները,- Ա.Կ.) գործերը չես համամետի այսօրվա գործերի հետ: Հանցագործությունների բնույթն այլ էր, կրիմինալ վիճակը բարդ ու խճճված էր: Չկային կայացած պետական կառույցները, հստակ համակարգված պետական մեխնազիմը: Բանդաներ էին գործում, անսահմանափակ զենք՝ մարդկանց ձեռքին, զենքի ազատ շրջանառություն:
Պատերազմող երկիր էինք, զենքի շրջանառությունը կար, իսկ այդ զենքը, եթե պատերազմի դաշտում օգուտ էր տալիս, խաղաղ հասարակությունում չարիք էր: Մեր սերնդի ՀԿԳ քննիչ չկար, որի նկատմամբ գոնե մեկ անգամ մահափորձի դեպք տեղի ունեցած չլինի: Դա խոսում է, չէ՞, ինչ-որ բանի մասին: Այն, որ նրանք ոչ միայն պրոֆեսիոնալ էին իրենց գործի մեջ, այլև խիզախ էին, որ իրենց կյանքն էին վտանգում: Իսկ հիմա քննիչը ժամը 6-ին կարող է հանգիստ գնալ տուն: Մենք օրերով՝ 10, 15, 20 օրով տուն չենք մտել, կներեք, շոր չենք փոխել: Չկային այդ բջջայինները, տեխնիկայի ներկայիս զարգացվածությունը չկար:
Եթե հանցագործություն է կատարվել, ապա առաջին օրերին պետք է կատարես բազմաթիվ անհետաձգելի քննչական գործողություններ: Ես իմ գրքում էլ գրել եմ, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների բացահայտման մեծ տոկոսը լինում է դեպքից հետո առաջին օրերին, որքան երկար ժամանակ է անցնում, այնքան դժվարանում է դրա բացահայտումը:
Ամբողջ թիմով մենք ներգրավում էինք այդ գործի բացահայտմանը, բացահայտումից հետո միայն հանգիստ խղճով գնում քնելու:
Քննիչին հասկանալու համար պետք է քննիչ լինել: Երբ քնածդ տեղից վեր ես թռչում, որովհետև գիշերը մի վարկած առաջացավ, բան հիշեցիր, թե եթե գնամ այսինչ տեղից այսինչ բանն առգրավվեմ, բացահայտում կլինի, նշումներ ես անում: Կարող է անհրաժեշտություն լինել հեռավոր մարզ գնալու, ու գնում ես: Դա պատկերացնելու համար շատ լավ ֆանտազիա պետք է ունենաս կամ առնվազն մի քանի տարի լավ քննիչ աշխատած լինես:
Մի քիչ դժվար է պատկերացնելը, երբ քննիչը խուզարկություն է կատարում ու մեկ էլ կրակում են իր վրա: Մի քիչ կինոյից կթվա, բայց դրանք իրական դեպքեր են:
-Ձեր հանդեպ նույնպես մահափորձեր եղե՞լ են:
-Շատ է եղել, բայց արի թողնենք…
-Ձեր խոսքում ակնարկեցիք, որ հիմա քննիչի աշխատանքն ավելի է հեշտացել՝ նկատի ունենալով գիտատեխնիկական առաջընթացը:
-Ես մի տեսություն եմ առաջ քաշել, որը միգուցե վուլգար կամ կասկածելի թվա: Քննիչը մեռնող մասնագիտություն է: Եթե ոչ 10 տարի հետո, ապա 100 տարի հետո հաստատ չի լինելու: Տեխնիկան այն աստիճանի է զարգանում, որ այսօր բոլորը հսկողության տակ են՝ տանը, փողոցում, ամբողջ ուղեգիծը ֆիքսվում է: Որոշ ժամանակ անց ընդամենը պետք է լինելու մեկ միասնական սերվեր, որտեղ ամբողջ ինֆորմացիան կհավաքվի, և մի ինեժեներ մարդու ID տվյալները, ուղեգիծը ուսումնասիրելով կհասնի դեպքի վայրին, որտեղ մի քանի տեսախցիկ կլինեն, կհանվեն տեսաձայնագրությունները, և շատ արագ հանցագործությունը կբացահայտվի:
Եթե այն ժամանակ մենք ամսիներ ու նույնիսկ տարի ենք կորցրել, այսօր կարելի է նույնը ժամերի ընթացքում անել: Սեդրակ Զատիկյանի սպանության գործը երբ բացահայտեցի տեխնիկայի միջոցով, տևեց 8 ամիս. այդ նույն աշխատանքը ներկայիս տեխնիկայի պայմաններում կարող եմ անել 2 օրում:
Այդ գործով ԴՆԹ փորձաքննությունը Մոսկվայում է կատարվել, ու մինչև եզրակացությունը ստացվեց, մեկ տարի տևեց: Երբ առաջին անգամ Շոթա Վարդանյանն այստեղ սկսեց ԴՆԹ-ի անալիզների անցկացումը, այնքան թանկ էր, որ հաշված գործերով էինք նշանակում ԴՆԹ-ի փորձաքննություն:
Իսկ հիմա ԱՄՆ-ում արդեն որերոդ մարդն է արդարանում՝ 30 տարի առաջ կատարված հանցագործության համար, քանի որ փորձաքննությամբ պարզվում է, որ իրականում այդ անձը չի կատարել հանցագործությունը ու հանիրավի դատապարտվել է:
Այսօր նվազագույնի է հասցված սխալվելու հավանականությունը:
-Ձեր քննած գործերից մեկի մասին կպատմե՞ք, որը կհետաքրքիր ընթերցողին:
-Բոլոր գործերն էլ անխտիր հետաքրքիր են: Ասեմ՝ քննիչ աշխատած առաջին իսկ օրվանից իմ քննած գործերի վերջնական որոշումներից տպել եմ մեկ օրինակ ավել ու դրանք պահում եմ, այսօր ունեմ պատկառելի արխիվ ու դեռևս հրապարակման ենթակա չէ:
-Պարոն Ղարախանյան, օրերով տուն չգնալու, աշխատանքի վտանգների մասին խոսեցիք, ինչպե՞ս էր Ձեր կինը վերաբերում այդ ամենին:
-Շատ ուշ եմ ամուսնացել, ամբողջ էությամբ նվիրված եմ եղել իմ աշխատանքին: Ոչ մի կին չէր հանդուրժի, որ ես օրերով տուն չգնայի: Եվ ինձ համար էլ տհաճ կլիներ, որ լարված պահին, երբ վերջապես հասել եմ նրան, որ մեղադրյալը հարցաքննության ժամանակ անկեղծորեն խոստովանելու է կատարածը, մեկ էլ հեռախոսը զանգի ու ասեն՝ երեխայի համար «փամփերս» բեր: Ես շատ ուշ եմ ամուսնացել, 34 տարեկանում ծնվել առաջնեկ աղջիկս:
Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի
Նախագծի մտահղացումը` Կարեն Զադոյանի
Լուսանկարները` Գևորգ Թոսունյանի