Շուրջ 190 մլն ՀՀ դրամ են պահանջում բռնագանձել կառավարության պաշտոնյա ներկայացած անձից

Շուրջ 190 մլն ՀՀ դրամ գումար են տուժողները պահանջում բռնագանձել՝ որպես պաշտոնատար անձ ներկայացած Արթուր Սարգսյանից:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ նշյալ գործով դատական վիճաբանությունների փուլը:

Ճառերով հանդես եկան 7 տուժողների ներկայացուցիչները: Նրանք շեշտեցին, որ դատաքննությունն ընթացել է օրինական ճանապարհով, ըստ նրանց՝ ապացուցվել է ամբաստանյալի մեղքը:

Տուժողներից 3-ի փաստաբան Աշոտ Սաֆարյանն, օրինակ, իր ճառում նշեց. «Խնդրում եմ դատարանին Արմեն Միրզախանյանի մասով 19 հազար ԱՄՆ դոլարի համարժեք դրամ բռնագանձել: Նշեմ, որ «Էլգա» ՍՊԸ-ին ամբաստանյալի կողմից 19 մլն 600 հազար ՀՀ դրամի վնաս է պատճառվել, սակայն 2009թ. այս ՍՊԸ-ն դիմել է դատարան, որպեսզի գումարը բռնագանձվի, դատարանը բավարարել է քաղհայցը ու այն օրինական ուժ է ստացել: Բացի այդ ազ կազմակերպության և Էդուարդ Գասպարյանի մասով պահանջում եմ բռնագանձել 17 մլն 920 հազար ՀՀ դրամ չափով գումար»:

Տուժող Հակոբ Գրիգորյանի փաստաբանը հղում արեց մեղադրական ճառին՝ նշելով, որ Արթուր Սարգսյանը 2008թ.-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ներկայանալով որպես ՀՀ կառավարության իրավաբանության վարչության պետ, համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով տուժողից հափշտակել է 25 մլն 585 հազար ՀՀ դրամի համարժեք գումար:

Ընդհանուր առմամբ Արթուր Սարգսյանից քաղհայցերով պահանջվում է 190 մլն ՀՀ դրամի չափով գումար:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին դատախազ Արմեն Փանոսյանն իր ճառով միջնորդել էր Արթուր Սարգսյանին դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով:

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:

Նրա անունը կապվում է նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի հետ:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել