Նորություններ

Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման համար աշխատանքային խումբը կմշակի օրինագիծ

Այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ` խորհրդակցության մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային խմբի անդամներ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ և քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը:
Իր խոսքում վարչապետը անդրադարձել է քաղաքի կենտրոնին բնորոշ մի շարք խնդիրների: Մասնավորապես նշել է, ոչ հանրության հետ բազմիցս քննարկվել են Երևանի ճարտարապետական տեսքի պահպանման վերաբերյալ մի շարք հարցեր և եկել այն եզրահանգման, որ կան տարբեր մոտեցումներ` ինչպիսին պետք է լինի Երևանը, հատկապես քաղաքի կենտրոնը: Վերջինիս լուծման համար էլ ստեղվել է սույն աշխատանքային խումբը, որի հիմնական խնդիրն է մշակել օրենքի նախագիծ և դրանով փորձել այնպիսի լուծումներ տալ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Վարչապետը նշել է նաև, որ խնդիր, որը վերաբերում է Երևանի և, մասնավորապես, «Փոքր կենտրոնի» ճարտարապետական տեսքին, հասկանալի կլինի բոլորի համար, որոշումները կլինեն թափանցիկ և բոլորը կհասկանան, որ այդ ընթացակարգերով ընդունված որոշումներն ընդունելի և ընկալելի են, թեև, իհարկե, շատ հաճախ ճարտարապետները միևնույն խնդրի շուրջ ունենում են տարբեր մոտեցումներ: 100%-անոց որոշումներ չկան. Երևանում ցանկացած օբյեկտի շուրջ առկա են տարբեր կարծիքներ և չկա այնպիսի որոշում, որը բոլորին կբավարարի: Վարչապետը կարևորել է որոշումների ընդունման ընթացակարգի շուրջ համաձայնությունը, քանի որ դրանք պետք է լինեն բաց, թափանցիկ և հաշվի առնեն ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության կարծիքը:
Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ.Ալավերդյանն իր խոսքում կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրումը, դրանց համադրումը գործող իրավական դաշտին, և հայտնել է, որ օրենքի նախագծում տեղ կգտնեն նաև միջազգային պրակտիկայում առկա լավագույն ընթացակարգերը և ազգային կարևորագույն պլանները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն և առաջարկել է այդ աշխատանքներին ևս ներգրավվել աշխատանքային խմբի մասնակիցներին:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը առաջարկել էաշխատանքային խմբի աշխատանքները չսահմանափակել միայն օրենքի նախագծի ստեղծմամբ, այլև ոլորտը կարգավորող մի շարք օրենքերում ևս կատարել օրենսդրական փոփոխություններ: Բացի այդ հայտնել է, որ քաղաքապետարանը աշխատանքային խմբին կներկայացնի նաև իր պլանավորած աշխատանքները:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները և ողջունել օրինագծի վերաբերյալ նախաձեռնությունը:
Նշենք, որ աշխատանքային խմբի անդամաների կողմից «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ առաջարկները կներկայացվեն հանձնաժողովի ղեկավարին և կամփոփվեն օրենքի նախագծի մեջ:
Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունիս ամվսա առաջին կեսին:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել