Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ո˚րն է եղել վիրաբուժական բաժանմունքի օգուտը ջրծաղիկով հիվանդ զինվորի բուժման գործում. պատասխանում է վկան

Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործի քննությունը:

Նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դատական նիստը բացեց նշանակված ժամից կես ժամ ուշացումով, քանի որ այլ գործ էր քննում: Դատակոչի ցուցակով դատարան հրավիրված հաջորդ վկան ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահբազյանն էր: Վերջինս պատմեց, որ հիվանդին զննել է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին: Ըստ ավագ օրդինատորի՝ զինվոր Հայկ Խաչատրյանը հայտնել է, որ որովայնի շրջանի ցավերից է բողոքում՝ հավելելով, որ երեկ երեկոյան համբուրգեր է կերել՝ գուցե դա է եղել պատճառը:

-Այսինքն՝ ինքն իրեն ախտորոշե˚ց,- հարցրեց դատավոր Վլադիմիր Գրիգորյանը:

-Այո,- պատասխանեց վկան:

-Իսկ չասեց՝ իզուր ես եկել բժիշկ:

-Ոչ, չասաց,- նշեց Սևակ Շահբազյանը:

Վկայի ցուցմունքի ժամանակ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը պարբերաբար վիրավորական խոսքեր էր ասում վկային: Վերջինս էլ դատարանին խնդրում էր` կանխել տուժողի իրավահաջորդի այդ պահվածքը:

Սևակ Շահվազյանի խոսքով` ինքն առաջին անգամ զննելուց հետո նշանակել է որոշ անալիզներ: Նույն օրը երկրորդ զննման ժամանակ, երբ արդեն կային անալիզի պատասխանները, թույլ է տվել մտածելու, որ հիվանդի մոտ կարող է սուր վիրաբուժական պաթոլոգիայի զարգացման վտանգ առաջանալ, քանի որ լեյկոցիտները բարձրացած են եղել, ուստի որոշել են հիվանդին պահել դինամիկ հսկողության տակ: Վկայի խոսքով` երկրորդ զննության ժամանակ զինվորի մոտ էպիգաստրալ շրջանի ցավերն ավելի էին սրացել: Նույն օրը երրորդ անգամ, երբ այցելել է հիվանդին, նրան արդեն տեղափոխած են եղել այլ սենյակ, մեկուսացրած են եղել, քանի որ նրա մոտ առկա է եղել ջրծաղիկ հիվանդությունը: Այդ օրը վերջին զննությունը վկան կատարել է երեկոյան 22-ին և մինչ առավոտ հիվանդին այլևս չի այցելել:

Դատավարության մասակիցների կողմից բազմիցս եղան հարցեր, թե դինամիկ հսկողություն ասելով արդյոք չեն հասկանում, թե հիվանդին պարբերաբար պետք է այցելեին, հասկանային հիվանդության դինամիկան: Վկայի խոսքով եթե գիշերը չեն այցելել, ուրեմն դրա կարիքը չի եղել:

Դատավորին հետաքրքրեց, թե 24 ժամ վիրաբուժական բաժանմունքում հիվանդին պահելը և նրան օգտակար լինելը ո˚րն է եղել:

«Այն, որ մենք հիվանդին անտեղին տեղը չենք վիրահատել»,- պատասխանեց վկան:

Ի դեպ, հիվանդության պատմության մեջ Սևակ Շահբազյանի կողմից վերջնական ախտորոշում գրված չի եղել: Գրառում կատարել է վիրաբուժական բաժանմունքի պետը` Վահան Գևորգյանը: Նրա ձեռագիրն էլ շատ անհասկանալի էր դատավորի և վկայի համար: Վերջինիս դատարանում նշեց, որ իր կատարած անալիզների արդյունքում հիվանդի մոտ վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը ժխտվել է:

Այսօր Սևակ Շահբազյանը դատարանին ցուցմունք տվեց ավելի քան 2,5 ժամ:

Այդ ընթացքում Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նրա խոսքով՝ վկաներն այս գործով ամբաստանյալի կարգավիճակով են հարցաքննվում: Հարցերից շատերը կապ չունեն այս քրեական գործի հետ:

Վարդուհի Էլբակյանի հայտարարությունից տուժողի իրավահաջորդը բորբոքվեց: Նա սկսեց անձնական վիրավորանքներ հնչեցնել պաշտպանի հասցեին: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածով, Մովսես Խաչատրյանի նկատմամբ կիրառեց սանկցիա՝ նրան դուրս հեռացնելով նիստերի դահլիճից: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ ինքը չի կարող առանց իր վստահորդի շարունակել վկային հարցեր ուղղելը: 5 րոպե ընդմիջումից հետո՝ դատական նիստը շարունակվեց տուժողի իրավահաջորդի մասնակցությամբ: Վկա Սևակ Շահբազյանին շարունակեցին հարցեր ուղղելը:

Աշխատանքային ժամի ավարտի կապակցությամբ` դատական նիստը հետաձգվեց: Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 15:00-ին: Այդ օրը ցուցմունք կտան ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյադաբանության բաժանմունքի բույժքույրեր Վիկտորյա Աճեմյանը, Հրանուշ Պետրոսյանը (նրանք այսօր ներկայացել էին, սակայն դատարանը չհասցրեց հարցաքննել), Արևիկ Մարգարյանը, Անգին Սարգսյանը:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել