Զենքը վտանգ չի ներկայացնում. Սամվել Բաբայանը՝ «Իգլա»-ի մասին

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեբերի 25-ին շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավարությունը, հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցներ։

Դատարան բերվեց «Իգլա» տեսակի հրթիռը, կեղծ թղթադրամները և քիմիական նյութերով շշերը, որոնցով մշակվել են թղթադրամները: Ապացույցներից ներկայացվեց նաև «Սամսունգ» տեսակի պլանշետ-համակարգիչը, որով նկարել էին հրթիռը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի բուկլետի հետ միասին:

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ զենքը վտանգ ներկայացնել չի կարող, քանի որ պակասում է զենքի մարտկոցը:

Ամբաստանյալ Ժորա Զաքարյանը, ում տնից հայտնաբերել էին քիմիական նյութերը, հայտարարեց, որ դատարանում որպես ապացույց ներկայացված նյութերը իրենը չեն: Նրա խոսքով, իրավապահները այլ շշեր են հայտնաբերել իր տնից:

Ապացույցների զննությունից հետո դատարանն անցավ փաստաթղթերի հետազոտությանը, որի ժամանակ նախագահող դատավոր Արշակ Վարդանյան հայտարարեց, որ Ռոբերտ Աղվանյանը հետախուզման մեջ է:

Այդ հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը հայտարարություն արեց․ «Բոլոր հաղորդումներով ցույց են տվել, որ Ռոբերտին բռնել են, հիմա ասում եք՝ հետախուզման մեջ է: Դա ո՞նց եղավ: Ով էդ զենքը բերել ա, ով փոխադրել ա, դրանց չեք բռնել, մենք ենք ստեղ նստած»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանվում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել