Նորություններ

Սեպտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 4-րդ փառատոնը

Սեպտեմբերի 16-ին` ժամը 11:00-17:00-ն Երևանի Անգլիական այգում արդեն 4-րդ անգամ տեղի կունենա «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը: Բերքի փառատոնի կարևորությունը, անցած տարիների ձեռքբերումները, ֆերմերների, արտադրողների, գնորդների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետությունը, ինչպես նաև այս տարվա փառատոնի առանձնահատկություններն ու սպասվող իրադարձությունները ներկայացվել են Անգլիական այգում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որի բանախոսներն են եղել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, փառատոնի հիմնադիր «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Մաթևոսյանը և Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը կարևորել է փառատոնի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցություն է ցուցաբերելու նմանատիպ ծրագերի իրականացմանը:

«Շատ կարևոր է, որ այս միջոցառումն իրականացվում է մայրաքաղաքում: Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջոցառումային զբոսաշրջության զարգացումը: Այս առումով «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը, տարեցտարի ընդլայնելով իր աշխարհագրությունը, միջոցառումային զբոսաշրջության օրացույցում իր ուրույն տեղն է գրավել: Երևանի քաղաքապետարանը նաև պարբերաբար կազմակերպում է սեզոնային գյուղատնտնեսական տոնավաճառներ, որտեղ հայ գյուղացիները կարողանում են ներկայացնել իրենց արտադրանքը: Այս փառատոնը նույնպես հնարավորություն է տալիս որոշակի ներդրում ունենալու գյուղատնտեսության զարգացման մեջ»,- նշել է Մարիա Բարաղամյանը:

«Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: Շատ կարևոր է, որ փառատոնի շրջանակում սպառողը հանդիպում է արտադրողին, ինչի արդյունքում ստեղծվում են նոր կապեր, հաստատվում են նոր հարաբերություններ»,- ասել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:
«Սա յուրահատուկ առիթ է, երբ մարդիկ կարողանում են իրենց արդյունքը կիսել քաղաքային բնակչության հետ: Փառատոնի շրջանակում ստեղծվում է երկխոսություն բնակիչների և գյուղմթերք արտադրողների միջև»,- նշել է Արմեն Հարությունյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք այս կարևոր նախաձեռնությանը և հպարտ, որ կարող ենք ներկայացնել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում: Կարծում եմ` միջոցառումը մեծ նշանակություն ունի Հայաստանում գյուղատնտեսության զարգացման համար, հատկապես որ այն աջակցվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից»,- ասել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:
Նշենք, որ փառատոնն իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս տարի, կազմակերպիչների խոսքերով, փառատոնի ընթացքում սպասվում է ավելի քան 12 000 այցելու:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել