Նորություններ

Ծնողները կարող են տուգանվել երեխային դպրոց չուղարկելու համար

Օրեր առաջ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտարարել է, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողնե­րը կարող են տուգանվել 30 հազար դրամով:

Այս մասին Իրավաբան.net-ը զրուցեց փաստաբան Զարուհի Հայրապետյանի հետ՝ պրզելու, թե ինչ տուգանքի մասին է խոսքը:

փաստաբան Զարուհի Հայրապետյան

Փաստաբանը նշեց, որ այն կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբեյալ ՀՀ օրենսգրքի 178-րդ հոդվածով, որով սահմանվում է ծնողների և նրանց փոխարինող անձանց կողմից երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելը, ինչի համաձայն նշյալ անձանց կողմից վերոգրյալ պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30.000 դրամ):

Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգելից խմիչքներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Չնայած սրան փաստաբանը նշում է, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, երբ խոսքը գնում է չարամտորեն չկատարելու մասին: «Եթե ընտանիքը սոցիալապես անապահով է, և միջոցներ չունի երեխային դպրոց ուղարկելու, ապա նրան չեն կարող տուգանել, պետք է տարանջատել ստիպված ու չարամտորեն կրթությունից ետ պահելու փաստը»,-նշում է Զ.Հայրապետյանը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել