Գագիկ Սուրենյանը՝ «Նաիրիտ» գործարանի հրդեհի ծխի տեղաշարժի մասին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի պատասխան բազմաթիվ մասնավոր հարցումների` հայտնում եմ, որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի կանխատեսել և պաշտոնապես հայտարարել, թե Նաիրիտի ծուխը կտեղաշարժվի Թուրքիա: Օդերևութաբանական կանխատեսումները տեղադրվում են ԱԻՆ կայքում և իմ ֆեյսբուքյան էջում։ Իսկ եթե որևէ մեկը փորձել է մեր կանխատեսումները «թարգմանել» կամ այդ կերպ մեկնաբանել, ապա Հիդրոմետ ծառայությունը դրա հետ կապ չունի»,-գրում է Սուրենյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը՝ լաքէթինոլը վտանգ չի ներկայացնում:

Առողջապահության նախարարության տարածած հայտարարության վերջում նշվել էր, թե ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն  Արարատյան դաշտավայրով  կգնա դեպի Թուրքիայի տարածք։

Ներկայումս վերջին նախադասությունը հանված է հայտարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել