Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ջրծաղիկից մահացած» ժամկետային զինծառայողի քրգործը հետաձգվեց

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սակայն տուժողի իրավահաջորդը միջնորդություն ներկայացրեց դատարան նիստը հետաձգելու համար, քանի որ իր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն անկողնային հիվանդ է և չի կարողացել ներկա գտնվել դատաքննությանը: Դրան չառարկեցին դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը, ամբաստանյալների պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Լուսինե Բաղումյանը:
Հիշեցնենք, որ Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, ինչի հետևանքով անցյալ տարի դեկտեմբերի 9-ին ջրծաղիկից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանը:
Ըստ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանի ներկայացրած մեղադրական եզրակացության` 2011 թվականի դեկտեմբերի 9-ին շարքային Հայկ Խաչատրյանը «դիմային նյարդի մոնոնեյրոպատիա» ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ՊՆ կլինիկական զինվորական հոսպիտալ, ավելի ուշ հիվանդասենյակում վարակվել «ջրծաղիկ» հիվանդությամբ:
«Գործով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի ցուցմունքով այն մասին, որ «Ջրծաղիկ» հայտնաբերելուց հետո իր որդու նկատմամբ զինվորական հոսպիտալում որևէ բուժում չի նշանակվել: 28.12.2011թ. Հայկ Խաչատրյանի մոտ որովայնի շրջանում ցավեր սկսվելուց հետո ինքը խնդրել է Մ.Մկրտչյանին, որ թույլատրի իր որդուն այլ հիվանդանոց տեղափոխելու համար, քանի որ որդին եղել է անտերության մատնված, սակայն վերջինս արգելել է տեղափոխել: Այնուհետև Մ.Մկրտչյանը հայտարարել է, որ Հայկն այլևս իր հիվանդը չէ, քանի որ գտնվում է վիրաբույժի հսկողության տակ: 28.12.2011 թ. գիշերվա ժամին Հ. Խաչատրյանի մոտ սկսվել են սուր ցավեր, որից հետո որդին կորցրել է գիտակցությունը: 29.12.2011թ. տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ 30.12.2011 թ. մահացել է»,- նշվում է մեղադրական եզրակացությունում:
Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1236/44 եզրակացության համաձայն` Հ. Խաչատրյանի մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, որը պայմանավորված է ջրծաղիկի հետևանքով զարգացած պոլիօրգանային անբավարարությամբ, սկսվող ԴՎՍ համախտանիշով, որոնցով հանգուցյալը տառապել է կենդանության օրոք և վերջիններս էլ գտնվում են անմիջական պատճառահետևանքային կապի մեջ մահվան պատճառի հետ:
Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չբացակայելու մասին, տուժողի իրավահաջորդներին բարկացրել էր և վերջիններս պարբերաբար վիրավորական արտահայտնություններ էին անում ամբաստանյալների հասցեին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 20-ին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել