Ոչ լիարժեք կազմով նիստ հրավիրելը վկայում է, որ ձևական բնույթ ունի հակակառուոպցիոն խորհուրդը. ՀԿ նախագահ

Ինչպես հայտնի է հուլիսի 28-ին տեղի է ունենալու կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը: Սակայն խորհուրդը այդպես էլ լիարժեք չի կազմավորվորվել. կառավարության որոշմամբ՝ դրան պետք է անդամակցեին Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչ և մեկական ներկայացուցիչ երկու հասարակական կազմակերպություններից:

Սակայն ԱԺ ընդդիմադիր 5 խմբակցություններից 4-ը, նաև երկու հասարակական կազմակերպություն ներկայացված չէ խորհրդում: Ինչպես հայտնի է, հասարակական կազմակերպությունները, նաև ԱԺ 4 ընդդիմադիր ուժերի խմբակցությունները հրաժարվել են անդամակցել խորհրդին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ոչ լիարժեք կազմով նիստ հրավիրելը վկայում է այն մասին, որ խորհուրդն ինքնին ձևական բնույթ ունի.

«Մենք, իսկզբանե էլ ասել էինք: Եվ այն, որ խախտվում է կարգը և առանց ԱԺ խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շարունակում են իրենց գործունեությունը, նորից վկայում է այն մասին, որ այդ հանձնաժողովը ձևական բնույթ ունի, ինչի մասին մենք ավելի վաղ հայտնել էինք»,- ասաց Ա. Սաքունցը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ նիստի օրակարգում զեկույցով են հանդես գալու երկու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կարծես դրանով իմիտացիա է արվում, թե նաև հասարակական կազմակերպություններ են մասնակցում, Արթուր Սաքունցն ասաց, որ միշտ էլ գտնվում են ՀԿ-ներ, որոնց միջոցով կառավարությունը փորձում է իր գործն անել:

Լուսանկարը՝ «ՊանԱրմենիան» գործակալության

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ