Ինպե՞ս փոխել երեխայի անունն ու ազգանունը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն, յուրաքնչյուր երեխա անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք ունի։ Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն՝ հոր անունով։ Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։
Հաճախ երեխայի անունը կամ ազգանունը փոխելու կարիք է առաջանում։ Ծանոթանանք՝ ինչպես է կատարվում այս գործընթացը։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով։
Եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:
Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե`
1) հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.
2) նա զրկված է ծնողական իրավունքներից.
3) նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ.
4) նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:
Տասը տարին լրացած երեխայի անվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ, իսկ ազգանվան փոխումը` հաշվի առնելով երեխայի կարծիքը։

Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել