Վարչապետը 6 մլն դրամի հուշանվեր է տարել Չեխիա

Գորգեր, թանկարժեք կտավներ, արծաթե գավաթներ և այլ հուշանվերներով է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 1-3-ը մեկնել Պրահա:

Այս այցի  համար մայիսի 26-ին գնվել է 2 հատ արծաթե կազմով, ոսկեզօծ, փորագրված և կիսաթանկարժեք քարերով զարդարված 2 Աստվածաշունչ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը եղել է 227500 հազար դրամ (պայմանագրի ընդհանուր գինը` 455 հազար դրամ է եղել): Հուշանվերները ձեռք են բերվել Մանյա Բաբայան անհատ ձեռներեցից:  

Այս նույն անձից հունիսի 1-ին գնվել է նաև 2 արծաթե գավաթ` ոսկեզօծ, էմալապատ և կիսաթանկարժեք քարերով զարդարված: Գավաթների համար վճարվել է 700 հազար դրամ:New Picture (31)

«Մեգերյան կարպետ» ընկերությունից էլ մայիսի 27-ին գնվել է երկու ձեռագործ գորգ` բամբակյա հենքով` ընդհանուր 2.4 միլիոն դրամով:New Picture (29)

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում բնակվող Շմավոն Շմավոնյանից գնվել է կտավ. 88*98 սմ չափսերով, փայտե փորագրված շրջանակով «Արարատ» կտավը արժեցել է 949 հազար դրամ:New Picture (26)

Գնվել են նաև թանկարժեք կոնյակներ «Ագուլիս Մեկ» ընկերությունից` 6 հատ 0.7 լիտրանոց «Նաիրի»` յուրաքանչյուրի գինը 35 հազար դրամ, 6 հատ 0.7 լիտրանոց «Դվին»` յուրաքանչյուրի գինը 40 հազար դրամ, 1 հատ 0.7 լիտրանոց «Կիլիկիա»` 167 հազար դրամանոց, և 5 հատ 0.5 լիտրանոց «Ախթամար»` յուրաքանչյուրի գինը 9625 դրամ: Ընդհանուր` շուրջ 800 հազար դրամի կոնյակ է գնվել այս ընկերությունից:

Իսկ «ԱՐՏԷՔՍԻՄ» ընկերությունից գնվել է 702 հազար դրամի խմիչք`  «Կիլիկիա», «Դվին», «Նաիրի» վերոհիշյալ ծավալի և գնի կոնյակներ, «Կարաս» և «Զորահ» 0.7 լիտրանոց 6-ական շիշ գինիներ:New Picture (32)

Ընդհանուր առմամբ` միայն 6 միլիոն դրամի հուշանվեր է գնվել` Չեխիա կառավարական այցի համար:

Իսկ մայիսի 28-29-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությունը կառավարական այցով մեկնել է Ղազախստան: Սակայն այս դեպքում հուշանվերներն ավելի  համեստ են եղել: «Արտէքսիմ» և «Ագուլիս մեկ» ընկերություններից գնվել են շուրջ 2 միլիոն դրամի թանկարժեք խմիչքներ:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչ իրավական հիմնավորմամբ են գնվել այս հուշանվերները և ում են տրվել դրանք, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ոչ համարժեք պատասխան է տվել.

«Հայաստանի Հանրապետության  վարչապետի  արտասահմանյան պաշտոնական  այցելությունների  ժամանակ,  որպես  պետական արարողակարգային միջոցառումների միջազգային պրակտիկայի բաղկացուցիչ մաս,  հանդիսանում է  նաև հուշանվերների փոխանակումը»,- նա նշել է նաև, որ հուշանվերների ձեռք բերման հետ կապված  ծախսը իրականացվում է պետական բյուջեով արտասահմանյան  պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հավանաբար, Դավիթ Հարությունյանը հղում է անում միջազգային պրակտիկային, քանի որ հայաստանյան օրենսդրությունը որևէ կարգավորում չունի հուշանվերների գնման, դրանց արժեքի, փոխանակման արարողակարգի վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ այս երկու այցերի ճանապարհածախսերին Իրավաբան.net-ը նույնպես անդրադարձել էր: Կառավարական պատվիրակությունը հատուկ չվերթներով էր մեկնել Ղազախստան և Չեխիա` «Ավիաուսումնական կենտրոնին» ավիափոխադրաման ծառայության համար վճարելով 76 հազար դոլարին համարժեք դրամ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ