Ժառանգել ենք պատժողական քաղաքականություն. փաստաբան

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը լղոզված կարգավորման դաշտ ունի. «Որևէ որոշակիություն այդ ինստիտուտում չկա: Պատասխանատվությունից ազատելու տեսակներ կան մեր քրեական օրենսգրքի ընդհանուր մասում, որոնք չեն գործում: Իրենք կան, գոյություն ունեն, բայց պրակտիկայում չեն գործում»,- շեշտեց փաստաբան Արմինե Ֆանյանը:

Ըստ նրա՝ այս հանգամանքը պայմանավորված է մեր երկրի պատժողական քաղաքականությամբ. «Մենք հետխորհրդային պետություն ենք, այդ խորհրդային կարգերի պատժողական քաղաքականությունը ժառանգել ենք և պատասխանատվությունից ազատել այնքան էլ չենք սիրում»,- նշեց փաստաբանը:

Պրակտիկայում չգործող նորմերից նա առանձնացրեց հանրային աշխատանքները՝ որպես ազատազրկման հետ չկապված պատիժ. «Դատարանների կողմից չեն կիրառվում, քանի որ հսկողության մեխանիզմներ չունենք, կամ անչափահասների նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների ինստիտուտ ունենք, որը դատվածություն չառաջացնող պատասխանատվությունից ազատման տեսակ է, սակայն մեխանիզմներ չունենք իրագործելու, որովհետև հսկողություն չի իրականացվում»:

Ըստ փաստաբանի այս խնդիրները կարող են լուծվել պրոբացիոն ծառայության ներդրմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել