4 կոռումպացված ոլորտ ու անպատասխան մնացած հարցեր

Ո՞ր ոլորտներն են ամենակոռումպացվածը, ըստ արդարադատության նախարարության, և ինչո՞ւ

Առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության ծառայությունների մատուցման ոլորտները, ըստ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հեղինակների, ամենակոռումպացվածներն են:

Այս ոլորտների պատասխանատուները արդարադատության նախարարությանը որևէ փաստաթուղթ չեն տրամադրել՝ հիմնավորելով նախարարության պնդումը:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն, Իրավաբան.net-ին գրությամբ պատասխանել է, որ նախագծի համար հիմք հանդիսացած հայեցակարգը պատրաստվել է աշխատանքային խմբի կողմից և ոլորտները որոշելիս հաշվի են առնվել մի շարք հետազոտություններ:

Մասնավորապես, ըստ գրության, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանի կողմից ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում անց է կացվել Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ 2010թ. հետազոտություն, որի նպատակը կոռուպցիայի հանրային ընկալման չափումն ու հակակոռուպցիոն ջանքերի գնահատումն էր»: Հետազոտության մասնակիցները Հայաստանում ամենակոռումպացվածը կառույցներ են համարել Դատախազությունը, դատարանները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրավապահ մարմինները: Կոռուպցիոն երևույթների տարածվածության առումով մատնանշել են հետևյալ ոլորտները՝ առողջապահություն, ընտրական համակարգ, կրթություն, ճանապարհային ոստիկանություն, հարկային ծառայություն, ոստիկանություն, մաքսային ծառայություն, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն և կադաստր:

Բացի այդ, համաձայն Աշխատակազմի ղեկավարի գրության՝ մեր երկրում 2012թ. կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ տվյալներ են պարունակվում «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտի «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները» համահայկական ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտության մեջ:

Ըստ որի՝ կոռուպցիայի ամենաբարձր մակարդակն ընկալվում է ոստիկանությունում, դատաիրավական համակարգում, հարկային և մաքսային մարմիններում, պետավտոտեսչությունում և բուհերում:

Նշվում է նաև, որ 2011թ. դեկտեմբերի համեմատ՝ 2012թ. նոյեմբերին կոռուպցիայի մակարդակի նվազում է գրանցվել դպրոցներում, պետավտոտեսչությունում, կադաստրում, բուհերում, հարկային ու մաքսային մարմիններում, իսկ աճ գրանցվել է զինկոմիսարիատներում, դատաիրավական համակարգում, ոստիկանությունում, բժշկական հաստատություններում:

Հիմք է հանդիսացել նաև Թրանսփերենսի ինթերնեշնլի կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013թ. արդյունքները, ըստ որոնց՝ ամենակոռումպացված ոլորտ/կառույցներն են համարվել՝ դատական համակարգը 69 %, հանրային ծառայողները՝ 68%, առողջապահական կազմակերպությունները` 68 %, ոստիկանությունը՝ 66 % և կրթական համակարգը՝ 58 %:

Ըստ գրության՝ վերոնշյալ հետազոտությունների արդյունքներից ակնհայտ է, որ Հայաստանում առավել կոռումպացված ոլորտներն են համարվում առողջապահությունը, կրթությունը, ոստիկանությունը, դատական համակարգը, դատախազությունը, հարկային և մաքսային ծառայությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ դատական համակարգի, դատախազության գործունեության, նոտարական և հանրային ռեգիստրների վարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ վերոնշյալ ոլորտների ընդգրկումը նպատակահարմար չի դիտարկվել, ուստի մնացել են 4-ը:

2-4 տարվա հետազոտությունները լիարժեք չեն կարող ապահովել ներկայիս պատկերը

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը խորհուրդ չէր տա կառավարությանը հիմվել այս հետազոտությունների վրա. «Չի բացառվում, որ ներկայումս բավականին փոխվել է իրավիճակը, քանի որ այս կոռուպցիոն բնույթի սոցիոլոգիական հետազոտությունները կարող են նշանակալի փոփոխություններ արձանագրել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ այս ոլորտ բավականին փոփոխական է և 2-4 տարվա հետազոտությունները լիարժեք չեն կարող ապահովել ներկայիս պատկերը. «Հղում կատարել 2011, 2012 և 2013 թվականների հետազոտությունների վրա, երբ այսօր 2015թ.-նն է, այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց գիտությունների թեկնածուն:

Ոլորտների պատասխանատու գերատեսչությունները տեղյակ չեն

Թիրախային ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունները հետազոտություններ չեն ուղարկել արդարադատության նախարարությանը

Չորս ոլորտների պատասխանատու գերատեսչություններից՝ ՀՀ ֆինանսների, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարություններից և ոստիկանությունից փորձեցինք պարզել, թե արդյոք որևէ հետազոտություն ուղարկել են արդարադատության նախարարություն: Ի վերջո, ենթադրվում է, որ այս գործընթացը պետք է երկկողմանի համագործակցված բնույթ կրի, սակայն ըստ էության այդպես չէ:

Այսպես՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել Արդարադատության նախարարություն, նույն առաջարկը եղավ նաև առողջապահության նախարարությունից:

Կրթության և գիտության նախարարությունից գրությամբ հայտնեցին, որ ԿԳՆ պաշտոնական կայքում հասանելի են մի շարք փաստաթղթեր, որոնցում անդրադարձ է արվում նաև կրթության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներին, սակայն գրության մեջ չէր նշվում, որ հենց այս հետազոտություններն ուղարկվել են արդարադատության նախարարությանը:

Իսկ ոստիկանությունից գրությամբ պատասխանեցին, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից գերատեսչություններին, այդ թվում՝ ՀՀ ոստիկանությանը, առաջարկվել է արդեն իսկ ընտրված ձևաչափով ներկայացնել միջոցառումներ «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում» ընդգրկելու համար:

Ի դեպ

Երբ հակակոռուպցիոն ռազմավարության հաստատման գործընթացը մոտենում էր իր վերջնակետին, մրցույթին հրաժարվեցին մասնակցել 100-ից ավելի ՀԿ-ներ: Մասնավորապես Հակակոռուպցիոն կոալիցիան՝ կազմված 70 ՀԿ-ից հայտարարեց, որ ձեռնպահ կմնա մասնակցել մրցույթին, իսկ Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը (շուրջ 150 ՀԿ) միացավ կոալիցիայի հայտարարությանը:

Այս կազմակերպությունները բացի մրցույթին մասնակցելուց ձեռնպահ մնալուց հանդես էին գալիս նաև կարևոր առաջարկությամբ՝ ռազմավարության մեջ ներառել սոցիալական ոլորտը, ինչպես նաև վերջնականապես լուծել ապօրինի հարստացման քրեականացման խնդիրը, սակայն կառավարությունը ՀԿ-ների առաջարկներին ընդառաջ դեռ չի գնացել:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ