Կառավարությունը 36.5 միլիոն դրամ կհատակացնի` Քննչական կոմիտեի համար 2 ավտոմեքենա գնելու համար

Կառավարության վաղվա նիստին քննարկվելու է ՀՀ քննչական կոմիտեին 2 ավտոմեքենա գնելու համար մոտ 36.5 միլիոն դրամ (76 հազար դոլար) տրամադրելու հարցը: Որոշման նախագիծը ներկայացրել է ֆինանսերի նախարար Գագիկ Խաչատրյանը:

Համաձայն այդ որոշման նախագծի` կառավարությունը թույլատրել ու է Քննչական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2 հատ տրանսպորտային միջոց: Դրանցից մեկի արժեքը կլինի 21.8 միլիոն դրամ, և կունենա 3,5 լիտր շարժիչի ծավալ, իսկ մյուս ավտոմեքենան կարժենա 14.7 միլիոն դրամ և կունենա 2,5 լիտր շարժիչի ծավալ:

Որոշման նախագծում նշվում է նաև, որ գնվելիք ավտոմեքենաները չեն համապատասխանում 2008 թվականի հուլիսի 24-ի 830-Ն որոշման չափորոշիչներին: Եվ իսկապես հիշյալ որոշման  հավելվածից տեսնում ենք, որ Քննչական կոմիտեն նշված չէ այն կառույցների խմբում, որոնք կարող են 3.5 լիտր շարժիչի ծավալով ավտոմեքենա գնել, իսկ այս դեպքերում մեքենաների առավելագույն գինը սահմանված է 13 միլիոն դրամը:

Սակայն նշենք նաև, որ որոշման չափորոշիչները վերջին անգամ փոփոխության ենթարկվել են 2010 թվականին, երբ Քննչական կոմիտեն որպես առանձին կառույց չկար:

Որպես նախագծի հիմնավորում նշվում է հետևյալը. «ՀՀ  քննչական կոմիտեի աշխատանքային առանձնահատկություններից ելնելով անհրաժեշտություն է առաջացել 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2008 թվականի հուլիսի 24-ի 830-Ն որոշման չափորոշիչներից և գնից տարբերվող երկու հատ հատուկ նշանակության տրանսպորտային միջոց»: Իսկ թե որն է այդ անհրաժեշտությունը, անհայտ է:

Իրավաբան.net

Իրադարձություններ

Իրադարձություններ