«Հանրային ցանցը» միացավ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը

Շուրջ 150 հասարակական կազմակերպություն ունեցող «Հանրային ցանցն» այսօր միացավ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը: Ցանցի անդամների մոտ 70 տոկոսը մարզային ՀԿ-ներ են:

Ապրիլի 10-ին խորհրդի անդամ «Իրավունքի պաշտպանության հաշտարարի գրասենյակ» ՀԿ նիստերի դահլիճում ցանցի 2 տասնյակ հասնող կազմակերպությունների կողմից նախ քննարկվեց ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը: Ցանցի անդամ մյուս ՀԿ-ները մինչ այդ գործադիր մարմնին տեղեկացրել էին, որ կսատարեն այսօրվա քննարկման մասնակիցների ընդհանուր որոշմանը: Մասնակիցները քննարկման արդյունքում որոշեցին միանալ հայտարարությանը՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները կառավարության գործունեության վերաբերյալ:

«Հանրային ցանցի» անդամները, միանալով կոալիցիայի հայտարարությանը, ընդգծեցին այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն խորհուրդը չի կարող արդյունավետ գործել ընդամենը 2 ՀԿ-ի ընդգրկմամբ:

«Հանրային ցանցի» այսօրվա նիստին հրավիրված էր նաև ՀԵԻԱ վարչության անդամ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը: Նա ներկայացրեց կոալիցիայի հայտարարությունը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները հակակոռուպցիոն պայքարում և պատասխանեց մասնակիցների հուզող հարցերին:

Հիշեցնենք՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 70 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից:

Գ.Թ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ