Հղիության և ծննդաբերության արձակուրդի վճարումը

Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի` աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ հետևյալ ժամկետներով`

1. 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
2. 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
3. 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
«Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին»,- iravaban.net-ին հայտնում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ` նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ:
Վարձու աշխատողը նպաստի հաշվարկման և նշանակման համար գործատուին է ներկայացնում` բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը:
Գործատուն նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: «Ընդ որում, հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կիրակին, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին` անկախ կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար այլ հանգստյան օր սահմանված լինելու հանգամանքից»,- նշում է Կարեն Հովհաննիսյանը:
Գործատուն նպաստը վճարում է միջին ամսական աշխատավարձի հիման վրա, ընդ որում միջին ամսական աշխատավարձի հաշվարկում ներառվում են աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստը: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսների ընթացքում աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը 12-ի բաժանելու միջոցով:
Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), հաշվի է առնվում խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված (հաշվարկված) եկամուտը:
Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաև ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում` կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռևս չլրացված, անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում մյուս գործատուի կամ ծառայության կողմից նպաստի նշանակման համար:
Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին հղիության և ծննդաբերության նպաստ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից` մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել