Կոռուպցիան վերջին շրջանում ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը՝ ավելացել. Հայկուհի Հարությունյան

Կոռուպցիայի առաջացման պատճառներից մեկը այն է, որ մենք չունենք հստակ մեխանիզմ դրա դեմ պայքարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը: Նրա կարծիքով՝ հստակ մեխանիզմի բացակայության պատճառով շատ խախտումներ մնում են չբացահայտված, և արդյունքում չեն կանխարգելվում, իսկ մեղավորներն անպատիժ մնում:

Բացի այդ, ըստ ՀԿ նախագահի, կոռուպցիան ավելանում է, քանի որ մեզ մոտ կառավարությունը միշտ հույսը դնում է դրսի ֆինանսավորման վրա և լիարժեք չի իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարը. «Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել՝ ներսից, այլ ոչ թե դրսից»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Տիկին Հարությունյանը հիշեցրեց, որ այս հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Նա կարևորեց այս փաստաթուղթը՝ այն համարելով անհրաժեշտ: ՀԿ նախագահը նաև շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել գործադիր իշխանության բոլոր ոլորտներում, հատկապես՝ դատաիրավական համակարգում:

Տիկին Հարությունյանը նաև հայտնեց, որ նախորդ տարիների համեմատ կոռուպցիայի մակարդակում փոփոխություններ են արձանագրվել, այն ավելի է ընդլայնվել. «Տարբեր մարմինների հետ առնչությունը վկայում է, որ կոռուպցիան վերջին շրջանում ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը ավելացել»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Ելենա Արամյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ