Ինչպես վարչապետը «փակեց» Հակակոռուպցիոն խորհրդի «թեման»

Թեև երեկ ՀՀ կառավարության նիստի օրակարգում չկար 27-րդ հարցը, սակայն այսօր արդեն՝ մաս առ մաս այն ընդգրկվեց:

Այս հարցով, ՀՀ կառավարությունը հաստատեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագիծը, որից հստակ երևում է, որ խորհրդի կազմում ընդգրկվելու են 2 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ մրցութային հիմունքներով: Փաստորեն մինչ այս բազմաթիվ ՔՀԿ-ների դիմումներն ու առաջարկները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հորդորները, որ ընդլայնվի ՀԿ սեկտորի ներգրավվածությունը, այդպես էլ չընդունվեց:

Նախագծով նաև սահմանվում է, որ ՀՀ վարչապետը պետք է դիմի ՀՀ ԱԺ նախագահին և Հայաստանի համայնքների միության նախագահին՝ տասնհինգօրյա ժամկետում Խորհրդի կազմում համապատասխանաբար խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ և Հայաստանի համայնքների միությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով:

Նախագծի մասին զեկուցելիս Հովհաննես Մանուկյանն ասաց, որ փաստաթուղթը շրջանառվել է, միևնույն ժամանակ ավելացրեց, որ հանրային քննարկումներ են տեղի ունեցել դրա շուրջ:

Հիշեցնենք՝ նախարարի կողմից հիշատակած հանրային քննարկումների շրջանակներում ՀԿ-ները բազմաթիվ առաջարկներով են հանդես եկել, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոալիցիան՝ կազմված շուրջ 70 ՀԿ-ներից, առաջարկել է խորհրդում ՔՀԿ-ների ներգրավվածությունն ավելացնել, բացի այդ ներառել սոցիալական ոլորտը՝ որպես թիրախային և ներդնել ապօրինի հրաստացման քրեականացման ինստիտուտը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պաշտպանել է այս տեսակետը, քննարկման մասնակից այլ կազմակերպություն՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկել է ընդհանրապես ՀԿ սեկտորից որևէ ներկայացուցիչ չընդգրկել խորհրդում, որպեսզի ՀԿ-ները չլեգիտիմացնեն պետական մարմինների որոշումները:

Այս բոլոր առաջարկությունները չեն ընդունվել, Հովհաննես Մանուկյանը նիստին չներկայացրեց, թե ինչ է ընդունվել ու ինչ չի ընդունվել այդ հանրային քննարկումների արդյունքում:

Զեկուցողին հարցեր ուներ Արդարադատության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը. «Պարոն նախարար, Ձեր զեկույցում ասացիք, որ պառլամետական խմբակցությունների ներկայացուցիչներ պետք է ընդգրկվեն խորհրդում, իսկ տեքստում բացառապես ընդդիմադիր խմբակցությունների մասին է խոսքը»,- ընդգծեց նա, իսկ Հովհաննես Մանուկյանը հստակեցրեց, որ կառավարությունը նկատի է ունեցել հենց ընդդիմադիրներին. «Այստեղ սահմանվում է, որ դիմում են ԱԺ նախագահին, թեև ցանկում ներկայացված է համաձայնությամբ, բայց եթե ԱԺ նախագահին ինքնուրույն ներկայացնելու հարցն է, ապա դա քաղաքական առումով ճիշտ չէ, եթե պետք է իրենց դիմեն, ապա պետք է փոխել, դիմել խմբակցություններին, իրենց ներկայացուցիչներին»,- ասաց պարոն Թովմասյանը, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Իրականում, հենց խմբակցություններն են ներկայացնում, բայց այդ գործողությունները լինելու են ԱԺ նախագահի միջոցով»,- նշեց նա:

Հրայր Թովմասյանը շարունակեց. «Այդ դեպքում ավելի ցանկալի է՝ ուղղակիորեն դիմել ընդդիմադիր խմբակցություններին, իրենք իրենց ներկայացուցիչներին ներկայացնեն»,- նախարարը պատասխանեց. «Ես այլ կարծիքի եմ»,- իսկ վարչապետը արձագանքեց. «Ես կարծում եմ՝ ճիշտ է», դիմելով Հրայր Թովմասյանին նա ասաց. «Դուք ուզո՞ւմ եք՝ ուղիղ դիմեք ընդդիմադիր խմբակցություններին»,- նախկին նախարարը պատասխանեց. «Որովհետև իրենց ներկայացուցիչներն են»: Վարչապետը եզրահանգեց՝ ասելով. «Ես էլ գտնում եմ, որ մենք ճիշտ ենք անում, պարոն Թովմասյան, թեման փակենք արդեն»:

Ինչ վերաբերում է նախագծին, ապա դրանից երևում է, որ կառավարությունը նպատակ ունի ամեն դեպքում խորհուրդը ձևավորել՝ անկախ նրանից դրա կազմում կընդգրկվեն Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, թե ոչ:

Ըստ կառավարության՝ խորհրդի հիմնական գործողություններն են լինելու հաստատել ռազմավարությունը, քննարկել ոլորտային խնդիրները, վերահսկել և այլն: Ըստ կառավարության՝ խորհուրդը նաև իրավունք ունի ներկայացնել առաջարկություններ պատասխանատու մարմիններին, պահանջել հաշվետվություններ և վերլուծություններ, կազմակերպել և անցկացնել քննարկումներ, հանդիպումներ, լսումներ:

Նկատենք նաև, որ հակակոռուպցիոն հարցը, ինչպես նաև մյուս նախագծերը ներկայացնելուց առաջ նախարարը կառավարության անդամներին գրքեր նվիրեց՝ ֆեյսբուքում նա պարզաբանում էր, որ Գիրք նվիրելու օրվա առիթով է այդ քայլին գնում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ