6 անգամ դատված Արսենը աղջիկներին «իրենով անելու» հմտություններին է տիրապետում

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավճիռ է կայացվել նախկինում 6 անգամ դատապարտված Արսեն Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալ Ա.Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրելու ժամանակ 2012թ. նոյեմբեր ամսվա ընթացքում «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Հ-ի հետ։ Վերջինիս գույքին տիրանալու նախնական դիտավորությամբ, Ա.Սիմոնյանը ներկայացել է որպես «Ալեքսանդր Ամրամի Դովլաբեքյան», ստել է, որ մանկությունը անց է կացրել ՌԴ-ում և Իսպանիայում, փաստաբանական ծառայությունների համար վճարելու և պատժի կրումից ազատվելու պատրվակով, իր ամուսնացած լինելու հանգամանքը թաքցնելու և Սուսաննա Հ-ի հետ ամուսնության սուտ խոստումներ տալու` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, Սուսաննա Հ-ից 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մաս-մաս շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 6.700.000 ՀՀ կանխիկ դրամ գումար»։

Դատարանը, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալի համաձայն լինելու հանգամանքն ու հանգելով եզրակացության, որ մեղադրանքը, որի հետ համաձայնվեց ամբաստանյալը, հիմնավորված է և հաստատվում է քրեական գործով հավաքված ապացույցներով, գտնում է, որ ամբաստանյալ Ա.Սիմոնյանը կատարել է հանցանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով և նա պետք է պատասխանատվության ենթարկվի։

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առնում, որ նա մասնակիորեն հատուցել է տուժողին պատճառված վնասն ու համաձայնվեց մեղադրանքի հետ։

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առնում նրա կողմից հանցանք կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը։

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալ՝ դատարանը հաշվի է առնում, որ նա քրեակատարողական հիմնարկի կողմից բնութագրվել է բացասական։

Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալները, գտնում է, որ ամբաստանյալը պետք է դատապարտվի ազատազրկման և կրի նշանակված պատիժը։

Դատարանը, քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ` որպես լրացուցիչ պատիժ, գույքի բռնագրավում նշանակելու հարցը, նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափն ու հաշվի առնելով, որ նա հանցավոր ճանապարհով ձեռք է բերել oգուտ, գտնում է, որ նրա նկատմամբ պետք է նշանակվի գույքի մասնակի բռնագրավում՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամին համարժեք չափով։

Տուժողը քաղաքացիական հայց չհարուցեց։

Դատարանը, քննության առնելով ամբաստանյալի գույքի վրա դրված կալանքի հարցը և նկատի ունենալով, որ ամբաստանյալի անվամբ Արմավիր մարզի Շենավան համայնքում գտնվող վարելահողի ու բնակելի տան նկատմամբ գրանցված է համատեղ սեփականության իրավունք, և նշված գույքը գտնվում է կալանքի տակ, գտնում է, որ գույքի բռնագրավումն ապահովելու համար ամբաստանյալի գույքի վրա դրված կալանքը պետք է պահպանվի՝ մինչև դատավճռի կատարումը։

Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-րդ, 359-րդ, 360-րդ և 3753-րդ հոդվածներով՝ դատարանը վճռեց Արսեն Սիմոնյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ։

ՀՀ քրեական օրենսգքրի 67-րդ հոդվածի համաձայն՝ դատավճռով նշանակված պատժին մասնակիորեն գումարել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.06.2010թ. դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 3 (երեք տարին) և որպես վերջնական պատիժ՝ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ։

Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Պատժի կրման սկիզբը հաշվել 2015թ. հունվարի 16-ից։

Ա.Սիմոնյանի գույքի վրա դրված կալանքը պահպանել։

Դատապարտյալը դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել