Ո՞ր երկրի դատարանը կքննի Գյումրու սպանության գործը, եթե Վալերի Պերմյակովը հայտնվի ամբաստանյալի աթոռին

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործին անդրադառնալով` փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց. «Քանի որ Վալերի Պերմյակովն այս պահի դրությամբ գտնվում է ռուսական իրավազորության ներքո, առաջացած իրավահարաբերություններն արդեն կարգավորվում են Մինսկի կոնվենցիայով, այսինքն հարց է առաջանում` էքստրադիցիայի խնդիր կա՞, թե ոչ: ՌԴ Սահմանադրությամբ չի թույլատրվում իրենց երկրի քաղաքացուն հանձնել: Դա է պատասխանը»,- ասաց փաստաբանը` եզրահանգելով, որ եթե Վ.Պերմյակովին ձերբակալեին հայ իրավապահները, կունենայինք այլ պատկեր:

Այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Գյումրի սպանության գործով ամբաստանյալի աթոռին հայտնվի Վալերի Պերմյակովը, փաստաբանը նշեց. «Նույն իրավիճակն է, նա դատապարտվելու է ՌԴ օրենքներով: Ռուսներն ունեն զինվորական տրիբունալ, որն էլ կքննի գործը»,- ասաց պարոն Սիմոնյանը: Նշենք, որ Զինվորական տրիբունալն ընդհանուր իրավասության դատարան է, որը գործում է ՌԴ զինված ուժերի ներքո և Ռուսաստանի դատական համակարգի մի մասնիկ է:

Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ ունեցել է նմանաբնույթ գործ, սակայն հակառակ իրավիճակում. «Այսինքն` անձը, որը մեղադրվել է օտարեկրյա պետությունում, եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեր կողմը չի հանձնել նրան»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել