Ի՞նչ ընթացք կունենա Գյումրիի սպանդի մեջ կասկածվողի գործը

Այս պահին Գյումրիի ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում, հետևաբար նրա ցուցմունքի մասին տվյալներ ՀՀ իրավապահ մարմնի որևէ ներկայացուցիչ իրավասու չէ հրապարակել: Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նա պնդեց, որ բանավոր տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, եթե դրանք փաստացի պաշտոնական բնույթ չեն կրում:

Դատախազը նաև հաղորդեց. «Այս պահին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բանակցում է ՌԴ գլխավոր դատախազի հետ: Բացառապես գլխավոր դատախազների մասշտաբով է քննարկվելու` քրեական գործերը միացնելու և կոնկրետ պետության իրավապահ մարմնի վարույթում պահպանելու հարցը»,- փոխանցեց պարոն Ասլանյանը:

Այն հարցին, թե արդյոք չի՞ բացառվում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները զբաղվեն այս գործով, պարոն Ասլանյանը փոխանցեց. «Այս պահին տեղեկություն չունեմ, միայն կասեմ, որ որևէ անձ իրավասու չէ տեղեկատվություն հրապարակել, թե ինչ ընթացք կստանա քրեական գործը, նկատի ունեմ միացումը, այսինքն` կմիացնեն, թե երկրներից որևէ մեկի իրավական վարույթում կգտնվի այն: Դրա իրավասությունը պատկանում է բացառապես երկու երկրների գլխավոր դատախազներին»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Դատախազը հավելեց, որ 48 ժամվա ընթացքում պետք է լուծվի Վալերի Պերմյակովի խափանման միջոցի, այսինքն` կալանքի հարցը. «ՌԴ օրենսդրությունը որպես ձերբակալման ժամկետ սահմանում է 48 ժամը, այդ ընթացքում պետք է որոշվի խափանման միջոցի հարցը»:

Իսկ ինքնախոստովանության մասով նա միայն ասաց, որ կասկածյալը ցուցմունք տվել է, ինչ վերաբերում է դրա բովանդակությանը, ապա, ըստ մեր զրուցակցի, պաշտոնական տեղեկատվությունը հասանելի կլինի միայն այն ժամանակ, երբ քրեական գործը կհայտնվի ՀՀ իրավապահ մարմինների վարույթում:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել