Բնապահպանական հիմնախնդիրներին ուղղված քննարկում Սյունիքի մարզում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 18-ին ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակում կայացավ «Բնապահպանական հիմնախնդիրները Սյունիքի մարզում և դրանց հետ առնչվող կոռուպցիոն ռիսկերը» թեմայով քննարկում: Այն կազմակերպվել էր ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների կողմից համատեղ՝ բնապահպանական գործունեություն ծավալող ՔՀԿ-ների մասնակցությամբ:
Մասնակիցները հիմնականում հակված էին այն կարծիքին, որ Սյունիքի մարզի համար ամենամեծ բնապահպանական խնդիրը հանքարդյունաբերողների անբարեխիղճ և անօրինական գործունեության արդյունքն է:

«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը համարում է, որ բնապահպանական խնդիրները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ այս ոլորտի պետական մարմինները որոշումների կայացմանը մասնակից չեն դարձնում ՔՀԿ-ներին և գործում են ոչ թափանցիկ: Բացի այդ, ոլորտը կարգավորող օրենքները և իրավական ակտերը ունեն բավականին մեծ բացեր ու հարմարեցված են տնտեսվարող սուբյեկտների շահերին, ոչ թե պետության ու տարածաշրջանի բնակչության: Նա փաստեց, որ խնդիրների վերհանման նպատակով բազմիցս կատարել է մշտադիտարկում և արձանագրված խախտումները ներկայացրել է պատկան մարմիններին, սակայն ցանկալի արդյունքի չի հասել:

Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը նույնպես փաստեց, որ բազմիցս փորձել է բողոքները հասցնել պետական մարմիններին, որոնք սակայն անտարբեր են մնացել իրենց բարձրաձայնած հարցերի նկատմամբ: Ուստիև առաջարկեց Կոալիցիային համատեղ ուժերով ավելի արդյունավետ պայքար տանել այս ոլորտում:

«Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը փաստեց, որ հանքարդյունաբերությունից բացի գոյություն ունեն նաև այլ ոչ պակաս հրատապ խնդիրներ: Նա տեղեկացրեց, որ պետությունը դադարել է կատարել անտառտնկումներ, որի հետևանքով խաթարվել է էկոլոգիան:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ